Գործադիրը կքննարկի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին հարցը

Արդարադատության նախարարությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին նախագիծ է ներկայացրել, որի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը:  Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի N 2  արձանագրային որոշմամբ հաստատվել է «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգը, որտեղ ընդգծվել է այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կապված է քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ:

Հարկ է նշել, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք են՝

  1. Մասնագիտական անկախության բացակայություն – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումները գտնվում են քրեակատարողական վարչության պետի անմիջական ենթակայության տակ, իսկ քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումները՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Սրանով պայմանավորված՝ բժշկական անձնակազմի կողմից բացառապես բժշկական հարցերի շուրջ կատարած մասնագիտական եզրակացությունները կարող են ենթարկվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ոչ մասնագիտական վերանայման, իսկ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կարող է բժիշկներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, գործնականում հավանություն չտալ բժշկական եզրակացություններին:
  2. Բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահություն – մասնագիտական անկախության բացակայությունը իր հերթին հանգեցնում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահությունը:
  3. Քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություն – քրեակատարողական ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներկայումս առկա են քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություններ, թափուր աշխատատեղեր և արդյունքում աշխատող անձնակազմի աշխատանքային գերծանրաբեռնվածություն, ինչն անուղղակիորեն զրկում է ազատությունից զրկված անձանց ժամանակին և որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
  4. Բժշկական անձնակազմի որակավորման խնդիր – ազատազրկման վայրերում առողջապահական որակյալ անձնակազմի համալրումը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով այն, որ քրեակատարողական բուժօգնությունը լիովին առանձնացված է հանրային առողջապահությունից, ինչը  բացասաբար է անդրադառնում բժշկական անձնակազմի որակի և որպես արդյունք նաև վերջիններիս կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի վրա, քանի որ հանրային առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերում վերջիններս չեն ընդգրկվում, չեն օգտվում քրեակատարողական համակարգից դուրս մասնագիտական և շարունակական բժշկական կրթությունից: Ուստի,  անհրաժեշտ է առաջադրել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ քրեակատարողական համակարգի ներսում գործող բուժծառայությունները բժիշկ մասնագետների համար կլինեն առավել գրավիչ:

Ելնելով վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ անհրաժեշտ է բարեփոխել քրեակատարողական առողջապահական համակարգը, նախ և առաջ նախատեսելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որոնք կապահովվեն  քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախությունը: Ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումները պետք է ներառեն նաև համապատասխան միջոցառումներ ուղղված քրեակատարողական առողջապահական համակարգի և հանրային առողջապահական համակարգի շարունակական համագործակցության ապահովմանը:

Հարկ է նշել, որ քրեակատարողական առողջապահության ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման և վերը նշված խնդիրների լուծման նպատակով  Հայեցակարգով որպես քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման հնարավոր տարբերակ դիտարկվել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակումը` քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից հանելու և ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնելու վերաբերյալ: Այսպիսի բարեփոխման նախատեսումը հնարավորություն կընձեռի ապահովվել բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը, որն էլ իր հերթին կնպաստի պատշաճ որակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում մշակել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որն կապահովի կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը:

Ներկայացված  նախագծով առաջարկվում է հետևյալ առանցքային լուծումները.

  • հիմնադրման միջոցով ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
  • սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվողկալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը.
  • թույլատրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել Նախագծով սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
  • իրականացնել միջոցառումներ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի համալրման, ինչպես նաև վերջինիս գործունեության համար անհրաժեշտ տարածքների հատկացման համար:

Նախագծի  ընդունմամբ հնարավոր կլինի լուծել  քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, ստեղծել նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել