Պետք է իմանալ, թե ինչ է նշանակում «անկախության երաշխիք» և «սեփականության իրավունք» հասկացությունները. Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 28-ին,  քննրակվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ օրենքի նախագծով՝  նախկին հանրային  ծառայողը կենսաթոշակ չի ստանա, եթե անցնի այլ հանրային աշխատանքի:

Սահմանափակմանը դեմ է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծը պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի օրակարգ ընդգրկված չի եղել և եթե ընդգրկված լիներ, ապա այս հարցերը չէին առաջանա. «Չի անցել հանձնաժողովով, սակայն անցել է ԱԺ-ի իրավաբանական վարչությունով: Հարգելիներս, ինչո՞ւ է այս օրենքը այսպես գալիս»:

Արտակ Զեյնալյանը նշում է, որ նախկին հանրային ծառայողների համար կենսաթոշակը ոչ այնքան սոցիալական ապահովության միջոց է, որքան անկախության երաշխիք:

«Երբ իրենց այդ պաշտոնում աշխատանքի ենք ընդունում, իրենք արդեն գիտեն, որ գործ ունեն բարդ պաշտոնի հետ, բարդ փորձությունների են ենթարկվելու և հետագայում պետք է ստանան բարձր կենսաթոշակ՝ գործող պաշտոնի աշխատավարձի հետ չափելի: Եթե գործողի աշխատավարձը բարձրանում է, ապա իրենց աշխատավարձը նույնպես բարձրանում է: Կոռուպցիոն ռիսկը նվազեցնող բան է ու մենք նրանց չենք կարող զրկել կենսաթոշակից, որովհետև նրանք ստանում են ցածր աշխատավարձ: Նրանց փորձն ու գիտելիքները մենք ուղղակիորեն մերժում ենք: Պետք է իմանալ, թե ինչ է նշանակում «անկախության երաշխիք» և «սեփականության իրավունք» հասկացությունները»,-նշեց պատագամավորը:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ օրենքում կան նաև  կենսաթոշակի վճարման, կենսաթոշակի դադարեցման մասին դրույթները և դրանք չեն հակասում Սահմանադրությանը. «Մենք ասում ենք, որ իրավունքը մնում է, սակայն իրավունքը դադարեցվում է հետևյալ պայմաններից ելնելով, որը իրավաչափ է: Ի սկզբանե պետությունը դնում է պայման, որ դու կսատանաս բարձր կենսաթոշակ, այսինչ տարիքից հետո, մի պայմանով, որ դու պետք է հանրային աշխատանք չկատարես: Ես կարծում եմ նորմալ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել