Փոխադրամիջոցների գույքահարկի արտոնությունները

ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝

1.Փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են`

1) պետական սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով.

2) փոստային կապի ազգային օպերատորը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը.

4) ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով: Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման.

5) պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև   4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:

 Հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի քանակի վերաբերյալ, ինչպես նաև փոխադրամիջոցի գրանցման վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) կողմից տրամադրված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

 Օրենսգրքով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել