Սպանվել են սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակն ու նրա ընկերուհին

Եվրոպական և միջազգային լրագրողների ֆեդերացիան խորապես ցնցված է Aktuality.sk կայքի լրագրող 27-ամյա սլովակ Յան Կուցիակի մահվան լուրից: Նրա և նրա ընկերուհի Մարտինա Կուզնիրովայի դիերը գտել են փետրվարի 25-ին մայրաքաղաք Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վելկա Մաչայի իրենց տանը: Սլովակիայի ոստիկանությունը 2018 թվականի փետրվարի 26 -ին սպանության գործով քննություն է սկսել: Այս մասին գրված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի կայքում։

Կուցիակի հոդվածները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների և հարուստ գործարարների՝ հարկերից խուսափելու և խարդախությունների մասին էին: Այսօր առավոտյան ոստիկանապետ Տիբոր Գասպարն ասել է, որ սպանությունը «հավանաբար լրագրողի հետաքննական գործունեության հետ է կապված»:

ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, նրա գրած վերջին հոդվածը գործարար Մարիան Կոչների մասին էր, որն անշարժ գույքի առուվաճառքով է զբաղվում: Կոչներն հայտնի է նաև ՝ որպես լրագրողներին վիրավորող ու սպառնացող անձնավորություն: Ըստ 2017 թվականի սեպտեմբերին Կուցիակի գլխավոր խմբագիր Պետեր Բարդի հրատարակած հոդվածի՝ նա իբր սպառնացել է բացահայտել «ցանկացած կեղտ», որ կգտնի Կուցիակի կամ նրա ընտանիքի վերաբերյալ

Սլովակիայի լրագրողների միությունը, Slovensky Syndikat Novinarov (SSN) ու Եվրոպական և միջազգային լրագրողների ֆեդերացիայի մասնաճյուղը ասել են. «Սլովակիայի հետաքննող լրագրողների և ազատ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ գործած այս սպանությունը նախադեպը չունի: Կոչ ենք անում իշխանություններին խստացնել օրենքն ու բացահայտել այս երկու անձանց սպանությունները: Մեր երկրում վե՛րջ պետք է դրվի լրագրողների հանդեպ կիրառվող ցանկացած ոտնձգության»:

Եվրոպական և միջազգային լրագրողների ֆեդերացիայի նախագահ Մոգենս Բլիչեր Բջեռեգարդն ավելացնում է. «Խորապես ապշած եմ ԵՄ երկրի այս լուրից: Դեպքը տեղի է ունենում Դաֆնե Կարուանա Գալիզիայի սպանությունից ընդամենը ամիսներ անց: Եթե նրա հետաքննական գործունեության ու սպանության կապը հաստատվի, ապա Եվրոպական Միության լրագրողների համար դա կդիտարկվի որպես տագնապի ազդանշան: Կոչ ենք անում իշխանություններին ընթացք տալ այս գործին ու վստահ լինել, որ սպանություն կատարողներն արդարադատության առջև կկանգնեն: Սլովակիայի առաջատար ղեկավարները պետք է անսասան ձևով պաշտպանեն լրագրողներին ու վերջ դնեն անպատժելիությանը: Խորին ցավակցություններս զոհվածների հարազատներին»:

Եվրոպական և միջազգային լրագրողների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնի Բելանջերն ասել է . «Երիտասարդ լրագրող Յան Կուցիակի սպանությունը, որն ամենայն հավանականությամբ նրա աշխատանքային գործունեության հետ է կապված, խորը հարված է մամուլի ազատությանը: Կոչ ենք անում ոստիկանական իշխանություններին Կուցիակի սպանությունն իրագործողներին խստագույնս պատժել»:

Եվրոպական և միջազգային լրագրողների ֆեդերացիան կոչ է անում Սլովակիային լրագրության պաշտպանության և լրագրողների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգության հետ կապված Եվրոպական Խորհրդի հանձնարարականներն անհապաղ իրագործել:

Թարգմանեց Անի Խաչատրյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել