Ավտոմեքենայի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարող վարորդը ո՞ր դեպքում չի ենթարկվի վարչական պատասխանատվության

Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը հանդիսանում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտում: Նշված իրավախախտման համար սահմանված է տուգանքի նշանակում` 30.000 ՀՀ դրամի չափով:

Նշված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցն իրավախախտում կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

Եթե վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացվում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում: Այդ դեպքում, եթե վարչական իրավախախտում կատարած անձն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել