Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան

Մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան, գործով տուժող՝  «Լո­ռի TV» ՍՊ ըն­կերության տնօրեն, լրագրող Նա­րինե Ավետիսյանը, ահազանգ ստանալով, որ Վա­նաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից, Թու­ման­յան և Լոռվա փողոց­ները միմյանց միաց­նող կամրջի սկզբնամասում անձրևային եղանակին կատարվում է ասֆալտապատում, ժամը 22:00-ի սահմաններում ժամանել է դեպքի վայր՝ լուսա­բանելու կատարվող աշխատանքները: Սակայն «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Ն.-ն, որ տվյալ պահին տեղում հետևում էր ըն­­կե­րության կողմից տարվող աս­ֆալ­տապատ­ման աշխատանքներին, Նա­րինե Ավե­տիսյանի կողմից որպես լրագրող ներ­կա­յա­նա­լուց հետո բռնել է նրա ձեռքերից, վերց­րել տեսանկա­րահանող սար­քը՝ բջջա­յին հեռախոսը, ար­գելել տեսանկա­րահա­նումներ կա­տարել, ջնջել կա­տարած լուսան­կարները և վերադարձրել բջջային հեռախոսը:

Սակայն այն բանից հետո, երբ լրագրողը բջջային հե­ռա­խոսով կրկին սկսել է տեսանկա­րահա­նում­ներ կա­տա­րել, մոտեցել է, քննությամբ ինքնությունները չպարզված ան­ձանց հետ բռնել նրա ձեռքերից, իսկ վերջիններս քաշքշել են Նարինե Ավետիսյանին, որի պատճառով նա վայր է ընկել: Նույն պահին ընկած վիճակում գտնվող Նարինե Ավե­տիսյանին է մոտեցել «Շին պլյուս» ՍՊ ըն­կե­րության վա­րորդ Վ. Խ.-ն և լրագրողի կամքին հակառակ վերց­րել նրա բջջային հեռախոսը, ջնջել կա­տարած լուսան­կարները: Նշված գործո­ղու­թյուն­նե­րով Տ. Ն.-ն ու Վ. Խ.-ն խոչընդոտել են լրագրող Նա­րինե Ավետիսյանի մասնագի­տա­կան օրի­նա­կան գործունեությանը՝ թույլ չտալով լուսա­բանել աս­ֆալ­տապատման աշխա­տանք­ների ըն­­թացքը:

Դեպքից անմիջապես հետո Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, որի հիման վրա 2017 թվականի սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. հոկտեմբերի 9-ին և 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ.Ն.-ին և նույն ընկերության վարորդ Վ. Խ.-ին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Ինքնությունը չպարզված անձանց կողմից Նարինե Ավետիսյանի՝ լրագրողի մաս­նա­գիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասն անջատվել և առանձ­նաց­վել է առանձին վա­րույթում, որի նախաքննությունը շարունակվում է:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել