Նոր օրենքի նախագիծ՝ «Հաշտարարության մասին»

Արդարադատության նախարարությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում ներդնել «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

Նախագծում ասվում է, որ հաշտարարության ինստիտուտի ներդրման կարևորությունը կայանում է նրանում, որ այն ամբողջ աշխարհում վեճերի լուծման տարածված այլընտրանքային եղանակներից է: Քաղաքացիական իրավահարաբերություններից բխող վեճերի այլընտրանքային եղանակով կարգավորման նկատառումներից ելնելով՝ 2015 թվականի մայիսի 7-ի ՀՕ-45-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացվել է 31.1-րդ գլխով, որը նվիրված է հաշտարարների իրավական կարգավիճակին: Մասնավորապես՝ նշված գլխով տրված են հաշտարարի և հաշտարարության հասկացությունների սահմանումները, հաշտարարության սկզբունքները, հաշտարարի վարքագծի կանոնները, նրանց իրավունքները և պարտականությունները, հաշտարարության վարման վերաբերյալ դրույթներ և այլն:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ սահմանվել է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը, իսկ վկայակոչված օրենքում Սահմանադրության 103-րդ հոդվածի ուժով չնախատեսվեցին հաշտարարությանը առնչվող կարգավորումներ:

Միաժամանակ, 2018 թ-ի փետրվարի 9-ին ընդունվեց ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որի հաշտարարության վերաբերյալ դրույթների գործնական կիրառությունը ապահովելու անհրաժեշտությունը պահանջում է հաշտարարության ինստիտուտի օրենսդրական ամրագրում:

«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի նախագծով՝

  • ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները.
  • սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները.
  • նախատեսվել են արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը.
  • նախատեսվել են հաշտարարության իրականացումը կանոնակարգող դրույթներ և այլն:
  • Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

Նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքեր և նախադրյալներ ապահովել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել