Խնդրին նայեք փոքր-ինչ պարզ՝ չխաբնվելով բարդ, իրավական խուճուճ ձևակերպումներին․ Դավիթ Հարությունյանը՝ Սահմանադրության 125-րդ հոդվածի մասին

«Խնդրին նայեք փոքր-ինչ պարզ՝ չխաբնվելով բարդ, իրավական խուճուճ ձևակերպումներին, որտեղ ամեն չորրորդ բառը հանցագործ է կամ չգիտեմ… նմանատիպ ածականներ են տրված»,-նման արձագանք տվեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրության 125-րդ հոդվածը սահմանափակում է ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում։
Նա նշեց, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը դեռ ուժի մեջ չի մտել, ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, երբ ՀՀ նախագահը կստանձնի իր պաշտոնը, և ՀՀ նախագահի ընտրությունը պետք է կազմակերպվի համապետական ընտրակագրով։
Նախարարի խոսքով խնդրին կարգավորում է տրվել անցումային դրույթների 211-րդ հոդվածով։ «Անցումային դրույթներում նպատակ կար նախագահի ընտրությունը կազմակերպել Ազգային ժողովի կողմից, բայց ոչ ամբողջովին 125-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով։ Ինչո՞ւ, կարող եմ  դա էլ բացատրել։ Նպատակն այն էր, որ ոչ թե ուղղակի 125-րդ հոդվածով սահմանված մեխանիզմներով, այլ փոքր-ինչ այլ, և անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում 125-րդ հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125-րդ հոդվածը։
Հայերեն իրավական տերմինաբանությունը չկա, բայց այսպես է՝ Incorporation by reference: Այսինքն՝ մենք կյանք ենք տալիս 125-րդ հոդվածի փոփոխված տարերակին անցումային դրույթների 211-րդ հոդվածով։ Նայեք այդ աչքերով՝ առանց խուճուճ իրավական ձևակերպումների, և դուք կտեսնեք, որ ամեն ինչ պարզ է։ Որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող», – արձագանքեց Դավիթ Հարությունյանը։
Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել