Նոր նախագծով կխթանվի կաշեգործության տեղական արտադրությունն ու արտահանումը

Ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծը։

Նախագծում նշվում է, որ ներկայումս Հայաստանում բացակայում են արդյունաբերական ծավալներով կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող ընկերություններ` փոխարենը տարբեր երկրներից, հիմնականում` Թուրքիայից հանրապետություն է ներմուծվում մեծ ծավալներով կաշվետեսակներ, որտեղ նկատվում է նաև աճի միտումներ, իսկ հանրապետությունից մեծ ծավալով արտահանվում է խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մեկ խոշոր եղջերավոր անասունի անմշակ մորթու քաշը կազմում է մոտ 15-20 կգ և ներկայումս դրանց գնմամբ ու արտահանմամբ զբաղվող անձիք 1 կգ-ի համար վճարում են միջինում 350-400 ՀՀ դրամ: Իսկ հետագայում վերամշակման համար 1 կգ անմշակ մորթուց ստացվում է մոտ 0.16-0.18 քմ բնական կաշի:

Վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանից արտահանվում է կաշեգործության համար անհրաժեշտ հումքը, որը վերամշակվում և կրկին ներմուծվում է: Մինչդեռ հումքային բազայի հնարավորությունները դեռևս չեն օգտագործվում իրենց ամբողջ հզորությամբ:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի  1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի  արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով:  ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղեր:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի տվյալների՝ 2016 թ-ին հանրապետությունից արտահանվել է մոտ 123.1 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ(4101)` մոտ 538.8 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2015թ. նկատմամբ արձանագրելով 23.9%-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Վրաստանը և Ղազախստանը։ Արտահանվել է մոտ 15.5 հազ. հատ ոչխարի  անմշակ մորթի և գառան մորթիկ(4102)` մոտ 54.8 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2015թ. նկատմամբ արձանագրելով 45.04%-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների 2016 թ-ին հանրապետությունում կաշվի արտադրություն (Կաշվի դաբաղում և վերջնամշակում. բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն) իրականացվել է 32 ընկերության կողմից: 2016 թվականին արտադրության ծավալները կազմել են 318.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.8 անգամ աճ 2015թ. նկատմամբ, իրացումը կազմել է 391.7 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 6.5 անգամ աճ 2015թ. նկատմամբ:

2016թ. Հայաստան է ներմուծվել մոտ 1.7 մլն զույգ կոշիկ, որից 237 հազ. զույգը` բնական կամ արհեստական կաշվե կոշիկ: 2016թ. կոշիկի արտադրությունը  կազմել է 1.01 մլրդ ՀՀ դրամ, որից արտահանվել է 211 մլն ՀՀ դրամի արտադրանք:

Այսպիսով, ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, թեթև արդյունաբերության ոլորտը խթանելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների» մասին 2004թ. նոյեմբերի 24-ի N ՀՕ-134-Ն ՀՀ օրենքի հոդված 2.1-ը առաջարկվում է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և սահմանել պետական տուրք` ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102 և ԱՏԳ ԱԱ 4103 ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման հավաստագիր տալու համար, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել հումքային բազա ներքին արտադրողի համար, կխթանի երբեմնի զարգացած ենթաճյուղի վերականգնումը, տեղական արտադրության զարգացումը` ստեղծելով նոր աշխատատեղեր, լրացուցիչ ավելացված արժեք և կբարելավվի սոցիալ-տնտեսական վիճակը:

Կարգավորումը համապատասխանում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) հոդված XX-ով սահմանվող ընդհանուր բացառությունների թ) կետին: Ըստ ՄԱԳՀ հոդված XX-ի թ) կետի ԱՀԿ անդամ երկրները կարող են կիրառել այնպիսի սահմանափակումներ տեղական հումքի արտահանումների նկատմամբ, որոնք անհրաժեշտ են տեղական վերամշակող արդյունաբերական ճյուղին այդպիսի հումքի զգալի քանակներով ապահովելու համար այնպիսի ժամանակահատվածներում, երբ այդպիսի հումքի ներքին գինը համաշխարհային գնից ցածր է պահվում` որպես կառավարության կայունացման ծրագրի մաս: Ընդ որում` այդ սահմանափակումները չեն գործում այնպես, որ մեծացնեն այդ արդյունաբերական ներքին ճյուղի արտահանումները կամ դրան տրամադրվող պաշտպանությունը, և չեն շեղվում խտրականություն չդնելու վերաբերյալ ՄԱԳՀ դրույթներից:

Նախագծի հիմնավորմամբ, այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտարդրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել