Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով. ի՞նչ է սահմանում օրենսգիրքը

Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրավը: Այս մասին սահմանում է քաղաքացիական օրենսգիրքը:

Հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները և բնակության վայրերը, հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրում գրավառուի անվան և բնակության վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում նշված արժեթղթի սեփականատերը:

Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով և այդ առարկայի նույնացման համար բավարար նկարագրությամբ:

Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը և դրա կատարման ժամկետը:

Եթե պարտավորությունը հիմնված է որևէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը և մյուս անհրաժեշտ պայմանները:

Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաս առ մաս, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատասխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:

Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում՝ նոր ձեռք բերվող հողամասի գրավով:

Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:

Կողմերը կարող են կնքել մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագիր: Նման պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են հիփոթեքի պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ հիփոթեքի պայմանագրի էությունից:

Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի և գրավառուի, ինչպես նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք և ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված (հիփոթեքի պայմանագիր), որը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման: Հիփոթեքի պայմանագրի պետական գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել