Ինչպե՞ս է կատարվում աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատանքի կազմակերպման պայմանների կամ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի  2-րդ և 3-րդ կետերի՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`

2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում. գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամսի առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս).

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մաս):

ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/0008/02/14 քաղ. գործով կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործատուի մոտ միայն արտադրության ծավալների, տնտեսական պայմանների, տեխնոլոգիական պայմանների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությունն ինքնին բավարար չէ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել աշխատողների թվաքանակի կրճատմանը:

Ընդ որում՝ 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  վերոնշյալ դեպքերում  գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`

1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին.

2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:

 Նոր աշխատանք փնտրելու համար գործատուն պետք է աշխատողին տրամադրի ազատ ժամանակ: Տրամադրվող ժամանակի տևողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից: Աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը տրամադրվում է աշխատողի առաջարկած ժամանակացույցով: Այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը:

 Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը: Այդ ժամկետում չեն հաշվարկվում աշխատողի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:(Իրավակարգավորումները տրված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով):

Այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ միաժամանակ վկայակոչվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի մի քանի մաս, ապա աշխատողին ծանուցելիս պետք է պահպանել օրենքով ծանուցման համար նախատեսված առավել երկար ժամկետը՝ ելնելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել