Խնամատար ընտանիքի ինստիտուտը ամրապնդման կարիք ունի․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է մշակել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, խնամատարության նոր ձևերը սահմանելու և մի շարք այլ արցերի մասին է։

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում ներկայումս կազմակերպվում է ՀՀ Կառավարության 2008 թվականի  մայիսի 8-ի N 459-Ն որոշման համաձայն՝ խնամակալության  և հոգաբարձության մարմնի և այս նպատակի համար հատուկ վերապատրաստում անցած խնամատար ծնողների (առանձին քաղաքացիների) միջև կնքված պայմանագրի հիման վրա, մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այն առանց ծնողական խնամքի մնացած երեխային տալիս է ընտանեկան միջավայրում մեծանալու իրական հնարավորություն՝ այդտեղից բխող բոլոր դրական հետևանքներով:

2008 թ-ից մինչ օրս Հայաստանում շուրջ 80 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում, սակայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ բացակայում են խնամատար ծնողների վերապատրաստման և ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, սահմանված չեն խնամատարության տեսակներն ու ժամկետները, ինչպես նաև խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը:

Խնամատար ընտանիքի ինստիտուտի ամրապնդման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք այլ խնդիրներով, մասնավորապես՝

  1. երեխային մանկատանը կամ շուրջօրյա այլ հաստատությունում տեղավորելու հարցը չի դիտարկվում որպես խնամքի կազմակերպման ծայրահեղ միջոց, երբ սպառվել են երեխայի խնամքը և դաստիարակությունը կենսաբանական, խնամակալ կամ խնամատար ընտանիքներում կազմակերպելու բոլոր հնարավորությունները,
  2. խնամատար ընտանիքի տեսակների և խնամատարության տևողության խնդրի քննարկման հիմքում անհրաժեշտ է դնել երեխայի խնամքի շարունակականության ապահովման հարցը,
  3. խնամատար ընտանիքը պետք է դիտարկել ինչպես առանց ծնողական խնամքի մնացած, այնպես էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն երեխաների խնամքի և դաստիարակության հնարավորություն, որոնց խնամքը հնարավոր չէ կազմակերպել կենսաբանական կամ խնամակալի ընտանիքում:

Նախագծի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը:

Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, սույն կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը  և տեսակները,  խնամատար ընտանիքների մշտադիտարկան և խնամատար ծնողների որակավորման և վերապատրաստման կարգը:

Ավելին, երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման գործընթացը ՀՀ ընտանեկան օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, սույն նախագծով առաջարկվում է նաև սահմանել խնամատար ծնողին երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության կարգը և չափը:

ՀՀ 2018 թ-ի պետական բյուջեով 90 խնամատար ընտանիքներում 94 երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու նպատակով նախատեսվել է հատկացնել՝ 152,828.4 հազար դրամ, որից երեխայի խնամքի համար 70,452.2 հազար դրամ կամ մեկ երեխայի մեկ ամսվա միջին ծախսը կազմում է 62.5 հազար դրամ /70,452.2 հազար դրամ : 94 ընտանիք: 12 ամիս/, իսկ երեխայի խնամքի համար ծնողին տրվող վարձատրության գծով  82,376.2 հազար դրամ կամ խնամատար ծնողին տրվող վարձատրության մեկ ամսվա միջին ծախսը 76.3 հազար դրամ /82,376.2 հազար դրամ : 90 ընտանիք : 12 ամիս/:

Հարկ է նշել, որ գործող կարգով խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով: Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով:

Առաջարկվող որոշման նախագծով երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2.0 հազար դրամ /60.8 հազար դրամ: 30.4 օր/:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները, որի արդյունքում առավել կապահովվեն կյանքի դժվարի իրավիճակում հայտնված երեխաների իրավունքները, կհստակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կտաանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և  խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունը, կկանոնակարգվի և կհստակեցվի երեխայի խնամքը և դաստիարակաությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացը։

Բացի սրանից՝ երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում կազմակերպել միայն խնամքի այլընտրանքային միջոցների՝ այդ թվում խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպման անհնարինության դեպքում, ինչպես նաև խնամատարության տարբերակված ձևերի և տեսակների սահմանումով ապահովել առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել