Արգելվել է «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում

Երևանի քաղաքապետարանի բակում այսօր՝ փետրվարի 14-ին, շուրջ հարյուր ոստիկան և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ իրականացնում էին վերահսկողություն և ցուցաբերելով խտրական մոտեցում՝ արգելեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում, որտեղ մշտապես կայանել են ծառայողական մեքենաները: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Փորձեցինք պարզաբանում ստանալ, որին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ խմբակցության մեքենայի համարները դուրս են եկել «ցուցակից»: Ըստ մեր հավաքած տեղեկատվության, պարզվեց, որ նման հրամանի հեղինակը Տարոն Մարգարյանն է, ով այս պահին բացակայում է քաղաքից:

Երեկվա հարձակման հեղինակ Տարոն Մարգարյանը, ով հրահանգել էր, մեջբերում ենք նրա բառերը՝  «դեմը առեք, դեմը առեք, շուտ–շուտ», եւ  ոհմակը հարձակվեց «Երկիր  Ծիրանի»  ավագանու խմբակցության անդամների վրա, բացի այդ ապօրինի հրամանից, արձակել է նաեւ երկու այլ ապօրինի հրամաններ՝ աղտոտել «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակը եւ արգելել «Երկիր Ծիրանիի» ծառայողական մեքենայի մուտքը ավտոկայանատեղի:

Մենք դատապարտում ենք՝ այն արատավոր իրողությունը, որ իրավապահ մարմիններն իրենց առաքելության իրականացման փոխարեն, աջակցում եւ հովանավորում են բռնության եւ այլ ապօրինություններ  հրահանգող Տարոն Մարգարյանին: Տարոն Մարգարյանի հրահանգի՝ «դեմը առեք, դեմը առեք, շուտ–շուտ» հետեւանքով ի ցույց դրվեց  Հայաստանի Հանրապետությունում գործող բռնակալական համակարգի էությունը եւս մեկ անգամ:

Մենք պահանջում ենք՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից դադարեցնել հովանավորել Տարոն Մարգարյանին, անհապաղ հարուցել քրեական գործ եւ ներգրավել Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ՝ ոչ միայն որպես  բռնության եւ սեռական ոտնձգության հրահանգողի, այլ նաև՝ հանրային միջոցների յուրացման փաստով  (Պաշտոնեական դիրքի չարաշահման եւ հանրային միջոցների յուրացման վերաբերյալ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հասցեագրված Հաղորդմանը հանցագործության մասին մինչ օրս ընթացք չի տրվել):

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Իրավաբան.net

loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել