Նորություններ

Ի՞նչ պահանջների պետք է համապատասխանել՝ ոստիկան դառնալու համար

Ոստիկանության ծառայող կարող է դառնալ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ՀՀ 18-ից  մինչև 30 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի, որըանցել է պարտադիր զինվորական ծառայություն, իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Այս մասին սահմանում է ոստիկանության ծառայության մասին նոր օրեքը, որը ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 2-ից:

Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է կառավարությունը:

Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները նույնպես սահմանում է  կառավարությունը:

Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:

Ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել