Lրագրությունն առանց տվյալների բացարձակ անիմաստ է. Դանիելե Գրասսո

Իտալիայում իսպանական բանասիրություն ուսումնասիրելուց հետո Դանիելե Գրասսոն որոշեց տեղափոխվել Իսպանիա և լրագրության ոլորտում, որպես արտահաստիքային թղթակից, անել իր անդրանիկ քայլերը: Նա հաջողություններ ունեցավ, քանի որ նախկինում էլ առնչվել էր տվյալների լրագրության հետ: Գրասսոն համագործակցել է LuxLeaks, SwissLeak և Paradise Papers գործերով հետաքննական թիմերի հետ: Ավելին, արժանացել է Պուլիցերյան մրցանակի՝ որպես Panama Papers-ի մասնակից։ Նա այժմ անդամակցում է  GenerationE և The Migrants Files-ին, որոնք տվյալների լրագրության եվրոպական առաջին նախագծերից են:

«Պարզից էլ պարզ է, որ լրագրության ապագան սերտորեն կապված է համագործակության և տվյալների հետ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Դանիել Գրասսոն, ով Իսպանիայում ամենաշատ ընթերցողներ ունեցող լրատվամիջոցներից մեկի՝ El Confidencial-ի թղթակիցն է։

Իրավաբան.net-ը սկսում է նոր հատուկ նախագիծ, որի շրջանակներում հարցազրույցներ են արվելու աշխարհում հայտնի հետաքննող լրագրողների հետ։

-Ինչպիսի՞ն էին Իսպանիայում անցկացրած առաջին տարիները՝ որպես լրագրող։ Ի՞նչ փորձ ձեռք բերեցիք:

Source: https://www.elconfidencial.com/comunicacion/2017-09-05/curso-verano-el-confidencial-unia_1438459/

-Եթե ուզում ես Իտալիայում դառնալ լրագրող, ապա կարևոր չէ՝ ինչ ես ուսումնասիրում, քանի որ կան մի շարք մագիստրոսական ծրագրեր՝ լրագրության մեջ մասնագիտանալու համար: Առաջին անգամ լրագրության ոլորտ ոտք եմ դրել Իսպանիայում: Նախնական շրջանում հետաքննական թեմաներով չէի թղթակցում: Սկզբում սկսեցի իտալական թերթերի համար որպես արտահաստիքային թղթակից (freelancer) աշխատել, նրանց պատմություններ էի վաճառում: Այդ ժամանակ իսպանական լրագրությունն այնքան էլ զարգացած չէր։ Կարիերայիս համար հատկանշական էր  2011 թվականի 15 M բողոքի շարժումը (Բողոքի շարժումը սկսվել է 2011-ի մայիսի 15-ից` տեղական և համապետական ընտրություններին ընդառաջ։ Ցուցարարները բողոքում էին գործազրկության բարձր մակարդակի, նպաստների կրճատման, քաղաքական համակարգի, քաղաքական կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների և այլ հիմնարար խնդիրների դեմ,- խմբ․)։ Այստեղ՝ Մադրիդում, մեդիան կարիք ուներ այս բողոքները լուսաբանող թղթակիցների,  և ես ձեռնամուխ եղա նորություններս նրանց վաճառելու գործին: Եվ մեր միջև համագործակցություն սկսեց: Այսպիսով, մասնագիտական առաջին քայլերս միտված էին ոչ թե հետաքննական, այլ ընդհանուր լրագրությանը:

-Ի՞նչ կարևորագույն նպատակ էիք հետապնդում: Արդյո՞ք ունեիք հետաքննող լրագրող դառնալու ցանկություն:

-Ո՛չ, իմ առաջնային նպատակը լրագրող դառնալն էր: Թերթում աշխատում էի որպես լրագրող և փորձում պատմություններ վաճառել մեդիային որպես ֆրիլանսեր: Այնուամենայնիվ, ես սկսեցի հետաքրքրվել տվյալների աշխարհով և գիտակցել՝ ինչ հնարավորություններ և առավելություններ են ընձեռում տվյալները լրագրողական վերլուծությունների համար, և ոչ միայն: Այսպիսով, ես որոշեցի մասնագիտանալ տվյալների հետաքննական լրագրության մեջ: Մասնագիտական կյանքումս շրջադարձային եղավ Եվրոպայում առաջին մագիստրոսական կոչում ստանալը․ ուսմանս հիմքում միայն ու միայն ընկած էր տվյալների հետաքննական լրագրությունը, և այն իրականացրեցի հենց այստեղ՝ Մադրիդում:

-Ելնելով լրագրողի Ձեր փորձից՝ ինչպե՞ս է Իսպանիայի «Քաղաքացու ապահովության մասին» օրենքը (հայտնի է որպես Լեյ Մորդազա), ազդում լրագրողի ամենօրյա աշխատանքի վրա: Արդյո՞ք այն իսկապես սահմանափակում է մամուլի ազատությունն ու խոսքի իրավունքը Իսպանիայում:

-Չեմ կարծում, որ այն բացասաբար է ազդում լրագրության վրա: Թյուրըմռնվելուց խուսափելու համար ասեմ, որ օրենքը սոսկալի է․ 21-րդ դարում հարիր չէ նման օրենք ունենալը,  որովհետև այն ոչ միայն լրագրողների ազատ արտահայտվելու համար է արգելքներ առաջ բերում, այլև յուրաքանչյուրի մարդու, ով օգտվում է բջջային հեռախոսից կամ հաղորդակցման այլ միջոցներից։ Սա իրապես խնդիր է հանրային թղթակիցների, լրագրողների համար, որոնք աշխատում են մեծ ու կարևոր գործերի վրա։ Այդուհանդերձ, տվյալների մեր ամենօրյա աշխատանքում հետաքննական լրագրության տվյալների ամենօրյա աշխատանքում այն հետևանք չի ունեցել։

-Հայաստանում հետաքննող լրագրողները հաճախ գործ են ունենում քաղաքական դաշտի հետ, ինչը բարդացնում է նրանց աշխատանքը։ Ուզում եմ Ձեզ հարց տալ որպես Հետաքննող Լրագրողների Ասոցացիայի (Investigative Journalism Association  – API) տնօրենների խորհրդի անդամի,  ի՞նչ մեխանիզմ է օգտագործում  API-ը՝ Իսպանիայում հետաքննական լրագրությունը խթանելու համար և ինչպիսի՞ն պետք է լինի երկրում հետաքննական լրագրությունը զարգացնելու ռազմավարական պլանը։

-API-ը պաշտոնապես հիմնադրվել է 2017 թվականի նոյեմբերին և  ունի ընդամնեը 4 ամսվա կյանք․ ինչպես տեսնում եք այն նորելուկ է։ Այս տարի մեր կիզակետում եղած հիմնական նպատակը լրագրողին իրավական տեսանկյունից աջակցություն և օգնություն ցուցաբերելն է։ Այսպիսով, իրավաբանները կարող են Pro bono (անվճար) աշխատել լրագրողների հետ ոչ միայն քրեական գործերի վրա, այլ նաև քաղաքացիական, ինչպես նաև կատարել գործեր, որոնք անմիջական կապ ունեն Իսպանիայի թափանցիկ աշխատելու մասին օրենքի հետ։

Ավելին, Ասոցացիան նաև մտադիր է ներկայացնել մի շարք գործիքներ, որոնք կարող են օգնել հետաքննող լրագրողների աշխատանքին սկսած տվյալների վերլուծման գործիքներից մինչև ինչպես տեղադրել համակարգչային անվտանգության միջոցներ, որպեսզի հնարավոր լինի անանուն վայրերից ապահով ստանալ տեղեկություններ, գրքերի և ուղեցույցների միջոցով ուսուցանել զրույցները գաղտնալսումներից պաշտպանելու համար։

Մեր նպատակն է ոչ միայն լինել կենտրոն, որտեղ լրագրողները կկարողանան աջակցություն ստանալ իրավական ու անվտանգության ապահովման տեսանկյունից, այլև կկարողանան փոխանակվել իրենց փորձառությամբ։ Այս նպատակով մենք ուզում ենք բարձր չափանիշներ սահմանել, որոնք կընդունվեն Ասոցիացիայի կողմից։ Այդ պահանջներից մեկն օրինակ՝ մինչ նյութի հրապարակումը երկու-երեք օր ժամանակ տալ այն մարդուն, ով հետաքննական նյութի կենտրոնական անձն է,  որպեսզի կարողանա իր դիտարկումներն ու մեկնաբանություններն անել հրապարակվելիք տեղեկությունների վերաբերյալ։ Այսպիսի պարզ պահանջների դեպքում կհասկանանք, որ մենք բոլորս  (Ասոցիացիային անդամակցող լրագրողները,- խմբ․) ունենք նույն արժեքները։

-Ձեր խոսքում նշեցիք իրավաբանների և լրագրողների համագործակցության մասին։ Կարո՞ղ եք Իսպանիայում իրավաբանների և հետաքննող լրագրողների միջև եղած հաջողված համագործակցության մասին մի օրինակ բերել։ 

-Որպես օրինակ կարող եմ բերել ներկայիս ընթացիկ համագործակցությունը, բայց մենք դեռ չգիտենք արդյոք կհաջողենք, թե ոչ։

Ձեր տեղեկացվածության համար նշեմ, որ Թափանցիկության մասին նոր օրենքով սահմանվում են տեղեկատվության և հանրային փաստաթղթերի հասանելիության պահանջներ: Այսպիսով, երբ կառավարությունը որոշում է մերժել տեղեկությունը տրամադրել կամ բավարար տեղեկություններ չի տրամադրում, հնարավոր է բողոքարկել նրանց այդ որոշումը նաև դատարանում: Մենք մի քանի գործ ունենք, երբ լրագրողը դատարանում է պայքարում նմանատիպ տեղեկություն ստանալու համար։ Ընդորում թե՛ լրագրողը, թե՛ իրավաբանը  մեծ եռանդով համագործակցում են, և արդեն շահել են առաջին փուլը։

Իրավաբաններն ու լրագրողները համագործակցում են նաև այն դեպքերում, երբ հետաքննության ընթացքում անձնական սպառնալիքներ լինեն։ Բոլոր լրագրողներն էլ  ունեն պաշտպան իրավաբաններ, ովքեր աջակցում են, երբ խնդիր է լինում հետաքննությամբ անցնող անձանց կողմից ճնշումներ գործադրելու հետ կապված։

– Ի՞նչ կարծիք ունեք տվյալների լրագրության մասին, ինչպե՞ս է այն փոխում լրագրության աշխարհը, ո՞րն է Իսպանիայում նրա դերը։

-Կարծում եմ, մի քանի տարի անց մենք այլևս չենք խոսի տվյալների լրագրության մասին, փոխարենը կխոսենք լրագրության մասին, բայց չէ՞ որ լրագրությունն առանց տվյալների բացարձակ անիմաստ է։ Տվյալների լրագրությունն է հզորացրել լրագրությունը, որովհետև վերջինս հիմնված է տվյալների վրա և ոչ թե միայն բառերի։ Տվյալների լրագրության գլխավոր հայեցակարգն այն է, որ այն սերտորեն կապված է համագործակցության հետ։ Տվյալների լրագրությունն ընձեռում է համագործակցելու, համընդհանուր կապեր ստեղծելու հնարավորություններ։Համընդհանուր տնտեսագիտությունն ու շուկան հասկանալու համար լրագրությունն էլ պետք է լինի համընդհանուր։

-Որո՞նք են հիմնական դժվարությունները տվյալների լրագրության ոլորտում։

-Մի կողմից նկատվում է տվյալային գրագիտության պակաս, ոչ բոլոր լրագրողները կարող են աշխատել տվյալների հետ, քանի որ սովորական լրատվության շրջանակներում տվյալները չեն կիրառվում։ Մյուս կողմից տվյալներն ապահովություն են: Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է վարվել տվյալների հետ, մենք ունենք տեղեկատվության մեծ բազաներ, և կարևոր է գիտենալ՝ ինչպես պահեստավորել տեղեկատվությունը, ինչպես նաև ճիշտ և անվտանգ ճանապարհով կիսել ձեռքի տակ եղած տեղեկատվությունը գործընկերների հետ։ Տեղեկատվության արահոսքը ավելի վտանգավոր է, քան տարիներ առաջ, մենք ունենք ավելի շատ  տվյալներ, հետևաբար՝ ավելի շատ ռիսկեր։ Նույն Panama Papers-ի հետաքննության ժամանակ մեզ աջակցում էր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (International Consortium of Investigative Journalists – ICIJ)` ապահովելով մեր աշխատանքի և տեղեկությունների գաղտնիությունը։ 

-Վերջին հարցս եմ ուզում տալ․ հետաքննող լրագրող լինելու համար երբևէ սպառնալիքներ եղել են Ձեր հասցեին։ 

-Ոչ, հետաքննող լրագրողների համար Իսպանիան բավականին ապահով երկիր է։ Ինձ միայն սպառնացել են այն մարդիկ, որոնք ցանկացել են ինձ դատարանի առաջ կանգնած տեսնել։ Իմ պատմությունների պատճառով ես երիցս հայտնվել եմ դատարանում և երեք անգամ էլ շահել եմ դատը։ Որքանով ես տեղեկացած եմ, Իսպանիայում հազվադեպ է լինում, որ հետաքննող լրագրողին որևէ մեկը սպառնա։

Հարցազրույցը՝ Խոսե Նիկոլաս Դոմինգեսի
Անգլերենից թարգմանեց Սոնա Հայրապետյանը
Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել