Նորություններ

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին նոր լիազորություն տալու մասին որոշում կընդունվի

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առաջարկվում է վերապահել նաև դոնորների հետ համագործակցության ապահովման աշխատանքների համակարգման լիազորությունը: Այս մասին վաղը՝ փետրվարի 15-ին կայանալիք կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի։

Նախագծում ասվում է, որ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, իրականացման և  համակարգման կարևոր բաղադրատարրերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության համակարգումն է:

Դոնորներն առանցքային դեր են խաղում Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու գործընթացին աջակցելու հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող միջոցառումներ ֆինանսավորվում են դոնորների կողմից: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում գնահատող խմբի Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հաստատեցին, որ դոնորների համակարգումը հանդիսանում է լուրջ մարտահրավեր, և որևէ արդյունավետ մեխանիզմ առկա չկա, որով հնարավոր կլիներ ապահովել առաջնային միջոցառումների ֆինանսավորումը և խուսափել կրկնակի ֆինանսավորումից:

ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի  շրջանակներում 2014 թվականի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը տրված 23 հանձնարակականների շրջանակում Հայաստանին առաջարկվել է ստեղծել Դոնորների հետ համագործակցության ապահովման աշխատանքների համակարգման մեխանիզմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում այդպիսի  մեխանիզմ սահմանված չէ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ներկայումս հանդիսանում է հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող առանցքային հարցերի քննարկման կարևորագույն հարթակ՝ նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին վերապահել նաև դոնորների հետ համագործակցության ապահովման աշխատանքների համակարգման լիազորությունը: Միաժամանակ նախագծով սահմանվում է, որ Խորհուրդը, իր հերթական նիստերից զատ, պարտավոր է տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ դոնորների հետ համագործակցության հարցերով նիստ գումարել: 

Նախագծի ընդունման արդյունքում, հիմնավորման համաձայն, կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դոնորների կողմից հետագայում արդյունավետ ու թափանցիկ ֆինանսավորում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել