Նորություններ

Իրավաբանների հայկական ասոցիացիան դատապարտում է «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը

Այսօր, փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստ տիղմով և հեղուկով տարաներ են բերել Նուբարաշեն համայնքի տարածքից։ Այդ քայլով խմբակցության անդամները փորձում էին բարձրացնել Նուբարաշենի տարածքում օրհասական դարձած կոյուղաջրերի գարշահոտության հարցը։ Ավագանու նիստում, խնդրի ներկայացման ընթացքում, տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, այն է՝ ֆիզիկական և հոգեբանական բռնություն դահլիճում գտնվող անձանց կողմից, որոնց թվում են եղել նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ: Բախման արդյունքում, ավագանու որոշ անդամների մոտ առաջացել է բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն:
Տեղի ունեցածը, ըստ էության, էթիկայի նորմերի և քաղաքակիրթ գործակցության սկզբունքների կոպտագույն խախտում է, ինչպես նաև ի ցույց է դնում ավագանու անդամների կողմից Երևանի բնակչության հանդեպ ցուցաբերած ոչ պատասխանատու վարքագիծը։
Ընդ որում, մամուլի հրապարակումներից ակնհայտ չէ, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նպատակ են հետապնդել անմիջական վնաս հասցնել Երևանի քաղաքապետին և ավագանու այլ անդամներին։
Իրավաբանների հայկական ասոցիացիան իր մտահոգությունն է հայտնում տեղի ունեցած միջադեպի առթիվ, դատապարտում է այն և կոչ է անում պատկան մարմիններին օբյեկտիվորեն և համակողմանիորեն ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները և տալ անհրաժեշտ իրավական գնահատական:
Իրավաբանների հայկական ասոցիացիա
  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել