Դատական նիստի օրը հայցվորն իմացել է, որ գործն արդեն շահել է

Նախորդ տարվա մայիսի 23-ին մեքենայի վարորդը երթևեկելի մասի եզրից 5 մետր պակաս վայրում կանգառ կատարելու համար ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կողմից ենթարկվել է 5.000 դրամ տուգանքի՝  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով: Վարորդը համոզված է եղել, որ թույլ չի տվել  իրավախախտում, քանի որ իրավախախտման տեսանյութում որևէ կերպ չի երևում հատվող երթևեկելի մասը, որի եզրից 5 մետր պակաս վայրում կանգառ է կատարել: Ավելին, իր ավտոմեքենայի հարևանությամբ գտնվում են աղբաման ու սյուն, որոնց առկայությունը վկայում է երթևեկելի մասի բացակայության մասին:

Վարչական ակտը բողոքարկվել է նախ վերադասության կարգով։ ՃՈ պետի կողմից այն թողնվել է անփոփոխ։

Նրա ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Ատովմյանը Իրավաբան.net հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, խախտում չի եղել. «Տեսանյութում հստակ երևում էր, որ մեքենան շատ ավելի հեռու է կանգնած եղել հատվող երթևեկելի մասից»:

Վարորդը  սեպտեմբերի 12-ին ստիպված դիմել է  վարչական դատարան: Սեպտեմբերի 13-ին հայցադիմումն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստը նշանակվել է  այս տարվա փետրվարի 12-ին։

Գործը քննող դատավորի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապացությամբ նշված գործը մակագրվել է մեկ այլ դատավորի։ Նոր դատավորը համարել է, որ գործը դատաքննությանը պատրաստ է և նշանակել է դատաքննություն:

Գործի դատաքննությունն իրականացվել և ավարտվել է 2018 թվականի հունվարի 16-ին: Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակ է հայտարարվել նույն թվականի հունվարի 26-ը:

Հայցվորը չի ստացել ծանուցումներ դատական նիստի օրվա փոփոխության և վճռի հրապարակման օրվա նշանակման վերաբերյալ, պատրաստվելով դատական նիստի ներկայանալ փետրվարի 12-ին: Հայցվորը չի ստացել նաև դատարանի կայացրած վճիռը:

Փաստաբան Մարատ Ատովմյանը նշեց, որ «Փետրվարի 12-ին, նիստից առաջ, Datalex.am-ից տեղեկացա, որ վճիռն արդեն կայացվել է, սակայն հայցվորը դրա մասին չի տեղեկացվել»:

Դատարանը, ծանոթանալով կողմերի փաստարկներին բավարարել է հայցը, անվավեր է ճանաչել ճանապարհային ոստիկանության որոշումը և ՃՈ պետի որոշումը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումը: Դատարանը վճռել է նաև Ճանապարհային ոստիկանությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախատեսված պետական տուրք:

Դատարանն իր վճռի հիմքում դրել է հետևյալ վերլուծությունը:

Կանգառն արգելված վայրերը սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 9-րդ բաժնի 84-րդ կետում, որի 6-րդ ենթակետի համաձայն. «կանգառ չի կարելի կատարել խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց)»: Իսկ կանգառ կատարելու կանոնները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Միաժամանակ, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:
Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ եթե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հայտնաբերվել է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով, ապա անձը առանց վարույթի ընթացիկ փուլի իրականացման ենթակա է վարչական պատասխանատվության միայն խախտման ակնհայտության պարագայում: Ըստ այդմ, եթե խախտումը վերաբերում է երթևեկելի մասի եզրից 5 մետր պակաս վայրում կանգառ կատարելուն, ապա դա կարող է ակնհայտ լինել միայն, եթե տեսանյութում ակնհայտ երևում է հատվող երթևեկելի մասը և անզեն աչքով էլ պարզ է, որ դրա և տրանսպորտային միջոցի եզրերի միջև հեռավորությունը 5 մետրից պակաս է:
Մինչդեռ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացված տեսանյութից ակնհայտ չէ, տրանսպորտային միջոցի եզրից 5 մետր հեռավորության վրա երթևեկելի մասեր են հատվում:
Այսպիսով, վիճարկվող որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի սխալ կիրառման (չպետք է կիրառվեր) արդյունքում, ուստի առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքը: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը ենթակա է վերացման, վերացման է ենթակա նաև դրա դեմ ներկայացված վարչական բողոքը մերժելու մասին որոշումը:

Մարատ Ատովմյանը կարծիք հայտնեց, որ եթե ՃՈ-ն գործեր բարեխիղճ, արդյունավետորեն գործեր վերադասության կարգով բողոքարկման մեխանիզմը, ապա կարիք չէր լինի դիմել դատարան և  անհարկի ծանրաբեռնել մեր  դատական համակարգը: «Մեզանում խիստ արդիական է պետական կառավարման համակարգի գործունեությունը համապատասխանեցնել լավ կառավարման և բարեխղճության սկզբունքներին» – նշեց նա: Նա նաև հավելեց, որ իր տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունը մտադիր է արմատապես վերափոխել ճանապարհային ոստիկանության ոլորտում վերադասության կարգով որոշումների բողոքարկման մեխանիզմը:

Նելլի Թառփոշյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել