Պետությունը 6000 եվրո կվճարի քաղաքացուն Եվրադատարանի որոշման հիման վրա

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին  արդարադատության նախարարությանը 2018 թվականի 1-ին եռամսյակում կհատկացվի 6000 (վեց հազար) եվրո` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախագիծ է ներկայացրել կառավարությանը:

Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել այդ գումարը:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 14-ն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել