Դատարանը դեռևս ձեռնպահ կմնա  բռնի ուժով ապահովել Իշխան Բարսեղյանի ներկայությունը․ նախագահող դատավոր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, շարունակվեց նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի  կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափով  կաշառք:

Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաև փաստաբան Էլզա  Զաքարյանը, որին  մեղադրանք  է առաջադրվել այն բանի համար, որ նա, ենթադրյալ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Անցած դատական նիստը հետաձգվեց Իշխան Բարսեղյանի վատառաողջ լինելու պատճառով, որի համար շտապօգնություն էր կանչվել դատարան:

Այսօրվա դատական նիստի հենց սկզբում դատարանը հայտնեց, որ բանավոր տեղեկատվություն է ստացվել Իշխան Բարսեղյանի առողջական վիճակի վերաբերյալ: Դատարանը նշեց, որ դիմում է հասցեագրվել դատարանին, սակայն այն դեռևս չի ստացվել և այն ստանալուց հետո կքննարկեն:

Ինչ վերաբերում է բանավոր հայտարարությանը, դատարանը հայտնեց, որ հաղորդվել է, թե Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը լավ չէ և չի կարող ներկայանալ դատարան, սակայն դատարանը հատուկ շեշտադրությամբ ավելացրեց. «Դատապարտյալների հիվանդանոցից քրեակատարողական բժիշկը դատարանին հայտնել է, որ Իշխան Բարսեղյանն ի վիճակի է ներկայանալ դատական նիստին»: Ասաց նաև, որ դատարանը դեռևս ձեռնպահ կմնա  բռնի ուժով Իշխան Բարսեղյանին բերել դատարան:

Պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանի այդ հայտարարությանն ի պատասխան ասաց. «Ի՞ նչ է նշանակում այդ հայտարարությունը, որ  Իշխան Բարսեղյանին պետք է բռնի ուժով ներկայացնել դատարանին»,- նա նշեց, որ ուղեկցողներն իրավունք չունեն անձին բռնի ուժով ներկայացնել դատարանին:

Այսպիսով, դատական կարգադրիչը հայտարարեց, որ Իշխան Բարսեղյանին բերում են դատարան և շուտով տեղ կհասնեն, որի համար դատարանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Հայտարարված ընդմիջումից հետո դատարան եկավ Իշխան Բարսեղյանին ուղեկցող ոստիկանը, որն իր հետ բերել էր Իշխան Բարսեղյանի դիմումը: Դիմումով դատապարտյալների հիվանդանոցից Իշխան Բարսեղյանը հայտնում էր կայանալիք դատական նսիտին չմասնակցելու վերաբերյալ պատճառաբանությունը: Նա մասնավորապես հաղորդում էր. «Հունվարի 31-ից գտնվում եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Տեղեկացնում եմ Ձեզ, որ նախորդ օրը խիստ վատ եմ զգացել: Ժամը 12-ի սահմաններում  90/100 է եղել զարկերակային ճնշումս: Իմ վատ զգացողություններս պայմանավորված են գլխուղեղիս վրա առկա կիստաների առկայությամբ»:

Իշխան Բարսեղյանը հայտնում էր նաև, որ առավոտից ունեցել է սրտխառնոց:

Դատարան էր ուղարկվել ևս մեկ  տեղեկանք բժշկի կողմից, որում նշվում էր Իշխան Բարսեղյանի զարկերակային ճնշման տատանումների մասին: Մասնավորապես ժամը 13-ի սահմաններում Իշխան Բարսեղյանն ունեցել է 180/110 զարկերակային ճնշում, սակայն հրաժարվել է, որ բժիշկը որևէ ներարկում անի:

Այդ հանգամանքը դատարանը տարօրինակ համարեց, սակայն պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ դա նորմալ է, քանի որ անցած անգամ, երբ բարձր զարկերակային ճնշման ժամանակ Իշխան Բարսեղյանին ներարկում արեցին, նրա վիճակը դրանից էլ ավելի չլավացավ:

Պաշտպան Արա Ղազարյանը դատարանին հայտարարեց, որ պետք է հարգել Իշխան Բարսեղյանի այդ իրավունքը, որ նա առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստի և դատարանին միջնորդեց հետաձգել նիստը:

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն առարկություն չհայտնեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Հաշվի առնելով Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը, դատական նիստը հետաձգվեց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել