Հնարավորություն՝ կազմել կոալիցիաներ՝ խնդիրներ լուծելու, բարձրաձայնելու համար. ՔՀԿ դասընթացի մասնակից

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի 7-րդ փուլի դասընթացները շարունակվում են Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Այս փուլի մասնակիցները 20 են՝ Երևանից և 6 մարզերից: Նշենք, որ կրթական ծրագիրն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Դասընթացի մասնակիցներն այսօր՝ հունվարի 30-ին դասընթացավար Արեգ Թադևոսյանի հետ ծանոթացան փաստերի վրա հիմնվելով, հանրային քաղաքականության ձևավորուման տարբեր մեխանիզմների:

Գեղարքունիքի մարզի «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ Եղիազար Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանատիպ դասընթացները կարևոր են հատկապես մարզային կազմակերպությունների համար, ինչը հնարավորություն է ընձեռում նոր ծանոթություններ, կապեր հաստատել Հայաստանում գործող այլ ՔՀԿ-ների հետ, կազմել կոալիցիաներ՝ ինչ-որ խնդիրներ լուծելու, բարձրաձայնելու համար: «Այս դասընթացին խոսում ենք հանրային քաղաքականության ձևավորման մասին: Մեր կազմակերպությունը փորձ ունի այս ոլորտում, բայց, միանշանակ, երբեք հավելյալ գիտելիքներ ստանալը ավելորդ չէ, պետք է կրթվենք, ստանանք գիտելիքներ, ինչը թույլ կտա մեզ հետագայում հանրային քաղաքականության ոլորտում գործընթացներ ծավալելիս ավելի արդյունավետ և ռազմավարական մոտեցումներով հանդես գալ: Հույս ունեմ, որ դասընթացից հետո կընձեռնվի հնարավորություն, թե՛ կոալիցիայի շրջանակներում, թե՛ կազմակերպություն առանձին իր ազդեցությունը, ներդրումն ունենա հանրային քաղաքականության իրականացման գործընթացում»:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանի խոսքով, դասընթացի առաջին կարևոր կողմն այն  է, որ ոլորտում աշխատող ՀԿ-ները հավաքվում են մեկ սեղանի շուրջ ու կիսում իրենց մտահոգությունները: «Դասընթացը նաև հնարավորություն է տալիս և նոր ծանոթություններ ունենալ, և միևնույն ժամանակ ավելի լայն շրջանագծով ծանոթանալ խնդիրներին, որոնք, միգուցե, քո ուշադրությունից ինչ-որ առումով դուրս են մնացել,  և այստեղ կարևոր է, թե ինչ լուծումներ են առաջարկում՝ իրենց փորձից ելնելով: Շատ կարևոր է տեսնել ոլորտի փորձագետերի, ովքեր իրենց փորձագիտական եզրակացությունը, կարծիքն են ասում ոլորտի վերաբերյալ»,-ասաց Նարե Հովհաննիսյանը: Նա նաև նշում է, որ ոգևորող է եղել ծրագրի անվանումը՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն», ինչը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցչի կարևոր է հանձնառելը՝ երկխոսել թե՛ պետության հետ, թե՛ հասարակության հետ ու գիտակցել այդ ոլորտում կարևոր դերակատարի դերը:

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել