Ի՞նչ է կարգավորում «Հանրագրերի մասին» ՀՀ նոր օրենքով

2015 թվականի դեկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 53-րդ հոդվածով սահմանվել է, որ յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց երկու տարի անց՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել և 2018 թվականի հունվարի 27-ին ուժի մեջ է մտել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքով կարգավորվող իրավահարաբերություններն ըստ էության նորամուծություն են ՀՀ օրենսդրական դաշտում: «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված վերը նշված իրավունքի իրականացման կարգը, սահմանվում են հասկացությունները և այլ մանրամասները:

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում հանրագրի հասկացությունը սահմանված է հետևյալ կերպ. Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն:

Ըստ էության՝ հանրագիրը միջոց է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարկադրելու հաշվի առնել հասարակության կարծիքը, միջոցներ ձեռնարկել հասարակության անդամների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել