Վատ վարկային պատմությունը կարող է հետագայում խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս․ ԿԲ իրազեկում

Կենտրոնական բանկը պարզաբանում է վարկի հետ կապված այն բոլոր հարցերը, որոնք առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր ընթերցողների շրջանում:
Հարց 1. Ի՞նչ է վարկային պատմությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում և ի՞նչ նպատակով է այն հարկավոր

Պատասխան 1. Եթե երբևէ օգտվել եք բանկերի կամ վարկային կազմակերպությունների վարկային ծառայություններից, ապա դուք ինքնաբերաբար ունենում եք վարկային պատմություն: Վարկային պատմությունը հնարավորություն է տալիս տեսնելու՝ ինչպես էք Դուք կատարում Ձեր վարկային պարտավորությունները:Վարկային պատմությունը Ձեր վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս՝

  • Ձեր ստացված վարկերը (դրանց քանակը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը) և վճարումները
  • վարկային պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունները (արդյոք վարկը մարվում է ժամանակին)
  • Ձեր կողմից տրամադրված երաշխավարությունը/ները
  • Ձեր վարկային պատմության վերաբերյալ կատարված հարցումների մասին տեղեկատվությունը
  • ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները
(«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.11):
Ձեր վարկային պատմությունը ստանալու համար Դուք պետք է ձեռք բերեք վարկային զեկույցը:
Յուրաքանչյուր անգամ, դիմելով ֆինանսական կազմակերպությանը վարկ ստանալու նպատակով, վարկատուն վարկային զեկույցի միջոցով գնահատում է Ձեր վարկարժանությունը, այն է՝ գնահատում է Ձեր հնարավությունը մարելու ստանձնած պարտավորությունները: Այսինքն, այն օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով ապրանքների/ծառայությունների իրացման («ապառիկ») վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Վարկային զեկույցը ձևավորվում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների և հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Երբ անձը վարկավորվում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, նրա վերաբերյալ տեղեկությունը փոխանցում է վարկային բյուրո, որտեղ թարմացվում է շաբաթական կամ ամսական կտրվածքով վարկային պատմությունը: Վարկային բյուրոն յուրաքանչյուր անձի վերաբերյալ վարկային պատմությունը պահպանում է տվյալների բազայում, և հետագայում, երբ Դուք դիմում եք ֆինանսական կազմակերպությանը վարկ ստանալու նպատակով, վարկային բյուրոն նշված տվյալները տրամադրում է ֆինանսական կազմակերպությանը:
    Ձեր վարկային զեկույցը պարունակում է՝

  • Ձեր անձնական տվյալները, ներառյալ անձնագրի սերիան և սոց.քարտի համարը
  • ստացված վարկերի և երաշխավորությունների ցանկը, ներառյալ գործող և մարված վարկերի մասին տեղեկությունները
  • տվյալներ ժամկետանց վարկերի մասին
  • փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ
  • Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցումները
  • վարկային ռիսկը, որը հաշվարկվում է վարկային սքորինքի միջոցով (վարկային սքորինքը վիճակագրական և գործառնական մոդել է, որը ցույց է տալիս վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականը)
Հարց 2. Ի՞նչ է վարկային բյուրոն
Պատասխան 2. Վարկային բյուրոն տեղեկատվական բանկ է: Այն հավաքագրում, մշակում և պահպանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունները և տրամադրում է այդ տեղեկությունները վարկատուներին և սպառողներին վարկային զեկույցի տեսքով:
Հարց 3. Ի՞նչպիսի ազդեցություն կարող է ունենալ իմ վատ վարկային պատմությունը հետագայում վարկ վերցնելիս
Պատասխան 3. Վատ վարկային պատմությունը կարող է հետագայում խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Այն կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
Լավ վարկային պատմություն ունենալը մեծացնում է վարկ ստանալու կամ ավելի լավ պայմաններով վարկ ստանալու հավանականությունը: Եթե Դուք պատշաճ կերպով կատարել եք Ձեր պարտավորությունները, ապա հեշտությամբ և արագ կարող եք հավակնել առավել բարենպաստ պայմաններով վարկավորման: Դա կարող է արտահայտվել վարկի ավելի ցածր տոկոսադրույքով, մարման երկար ժամկետով կամ պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ:
Ուշադրություն՝ Եթե դուք տրամադրել եք երաշխավորություն այն անձին, ով ունի վատ վարկային պատմություն, ապա արդյունքում Դուք նույնպես ունենում եք վատ վարկային պատնություն:
Ուշադրություն՝ Եթե դուք ունեք վատ վարկային պատմություն, ապա չեք կարող հանդիսանալ երաշխավորող որևէ մեկի համար վարկ ստանալիս:
Հարց 4. Ի՞նչպես կարող եմ բարելավել իմ վատ վարկային պատմությունը
Պատասխան 4. Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպիսի վարկային պատմություն ունեն: Ուստի, անհրաժեշտ է տեղեկանալ վարկային պատմության մասին՝ ստանալով Ձեր վարկային զեկույցը: Վարկային պատմության բարելավումը ժամանակ է պահանջում:
  • նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները
  • ժամանակին կատարել Ձեր վարկային մարումները և բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը
  • մինչ դիմելը ֆինանսական կազմակերպությանը և վարկ վերցնելը հստակ ձևակերպեք՝ ինչի համար եք վարկ վերցնում և որքան գումար եք ուզում: Կարճատև ժամկետում չափից շատ հարցումները Ձեր վերաբերյալ կարող է մեկնաբանվել այնպես, որ Դուք լուրջ ֆինանսական խնդիրներ ունեք կամ վերցնում եք ավել գումար, քան կարող եք Ձեզ թույլ տալ
Հարց 5. Ի՞նչպես կարող եմ ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից
Պատասխան 5. Վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն հինգ տարի, այսինքն վարկային բյուրոն Ձեր վարկային զեկույցում չի ներառում Ձեր վերաբերյալ հինգ տարուց ավելի տեղեկատվությունը:
«Վատ վարկային պատմություն» ունենալ նշանակում է ունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ դասակարգված) վարկեր, կամ հանդիսանալ վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավորող: Այն պահին, երբ խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունն այլևս չի արտացոլվում վարկային զեկույցում, նշանակում է, որ Ձեր վարկային պատմությունը բարելավվել է, և դուք այլևս չեք ունենում «վատ վարկային պատմություն» ունեցողի կարգավիճակ: Դա հնարավոր է հետևյալ դեպքերում.
  • սկսած ներկա պահից՝ հինգ տարուց ավել ժամանակահատվածում վարկատուն Ձեր խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացրել
  • եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է, և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված
  • եթե Ձեր խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված է վերջնական մարման ամսաթիվ, որն ունի հինգ տարուց ավել վաղեմություն
Հարց 6. Որտեղի՞ց և ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ իմ վարկային պատմության մասին
Պատասխան 6. Դուք կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝
  • ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը բյուրոյի գրասենյակից, ԱՔՌԱ վարկային բյուրոյի հասցեն և հեռախոսահամարը՝  Երևան 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ , Հեռ` 522 419 
  • ստանալով վարկային զեկույցի էլեկտրոնային տարբերակը առցանց տարբերակով՝ www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:
Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Դուք իրավունք ունեք Ձեր վերաբերյալ ամբողջական վարկային զեկույցն ստանալ վարկային բյուրոյից անվճար առնվազն տարեկան մեկ անգամ:
Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
  • վարկային զեկույց ստանալու դիմումը
  • Ձեր անձնագիրը և դրա պատճենը
  • Ձեր սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր)
  • Ձեր անունից այլ անձի ներկայանալու դեպքում` Լիազորագիր` տրված Ձեր կողմից (նոտարական վավերացմամբ) Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:
Հարց 7. Բացի ինձանից ո՞վ կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:
Պատասխան 7. Ձեր վարկային պատմության մասին կարող է տեղեկանալ` ՝
  • փաստացի կամ հնարավոր պարտատերեը, որոնք ունեն Ձեր նկատմամբ դրամական պահանջներ
  • Ձեր գործատուն
Ուշադրություն՝ Ձեր վարկային զեկույցը տրամադրվում է նշված անձանց միայն Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում:
Հարց 8. Ինչքա՞ն ժամանակ է պահպանվում իմ վարկային պատմությունը:
Պատասխան 8. Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի «վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն» («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.11):
Հարց 9.Ու՞ր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է կամ առկա է բողոք վարկային բյուրոյի նկատմամբ:
Պատասխան 9. Եթե Ձեր վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով Դուք կարող եք այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ԱՔՌԱ-ին Ձեր մասին տեղեկություն տրամադրող կազմակերպությանը (բանկին, վարկային կազմակերպությանը, ապահովագրական կազմակերպությանը կամ հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կառույցին):
Եթե Դուք համաձայն չեք տեղեկություն տրամադրող կազմակերպության կարծիքի հետ կամ այդ կազմակերպության տրված պատասխանը Ձեզ չի բավարարում, ապա կարող եք շարունակել վիճարկել որոշումը՝ ԱՔՌԱ-ի միջոցով, կամ դիմել դատարան («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.20):

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել