Նորություններ

«Անմեղ տեղը 11 ամիս է նստած ենք, բա ուզում եք, որ մի հատ ռեպլիկ էլ չանե՞նք նստած տեղից».   «Իգլայի» գործով ամբաստանյալ

Քրեական վերաքննիչ դատարանում մեկնարկեց հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով քննությունը։

Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի հրապարակած դատավճռով մեղավոր ճանաչված  7 մեղադրյալից բողոքարկել են.  ԼՂՀ  պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը (6 տարի սահմանված ազատազրկման պատիժ), գործարար՝ Սանասար Գաբրիելյանը (3 տարի սահմանված ազատազրկման պատիժ) և Արմեն Պողոսյանը (2 տարի սահմանված ազատազրկման պատիժ):

3 բողոքաբեր անձինք վերաքննիչ դատարան են մտել պահանջով, որ վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի հրապարակած դատավճիռն իրենց մեղավոր ճանաչելու և ազատազրկելու վերաբերյալ, ինչպես նաև կայացնի նոր՝ արդարացման դատավճիռ:

Գործը քննվում է նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանի և դատավորներ՝ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի կողմից:

Սանասար Գաբրիելյանը վերաքննիչ դատարանում պաշտպան չուներ: Դատարանն ասաց, որ կարող է հանրային պաշտպանով ապահովել, նաև ճշտեց, թե արդյո՞ք դա կապված չէ նյութական միջոցների հետ: Սանասար Գաբրիելյանը, սակայն,  հրաժարվեց հանրային պաշտպան ներգրավվելու առաջարկից և ասաց. «Չէ, չէ, չէ: Ի՞նչ եմ արել, որ պաշտպան էլ ունենամ: Ոչ, շնորհակալ եմ»:

Մեղադրող կողմի վերաբերյալ ինքնաբացարկի հետ կապված հարց ուղղեց դատարանը կողմերին, թե՝ արդյո՞ք որևէ խնդիր ունեն նրանք դատախազի՝ գործում ներգրավված լինելու հանգամանքի հետ:

Սամվել Բաբայանն ասաց. «Ես բացարկ եմ հայտնում դատախազին նրա համար, որ գլխավոր փաստերը մեղադրականում հատուկ չի ընդգրկել և դատարանն էլ արտագրել է նրանից: Ես հետագայում իմ բերած փաստերով կապացուցեմ ձեզ, որ խեղաթյուրել է գիտակցաբար: Ես դրա համար բացարկ եմ տալիս: Ինքը պատվեր է կատարում: Ես իմ ելույթում նշել եմ, որ պետական մեղադրողը  բացառում է որևէ փաստ, իսկ դատարանն էլ դա արտագրում է և կազմում  եզրակացություն»:

Սանասար Գաբրիելյանը կոնֆլիկտ ունեցավ  դատարանի հետ: Դատարանը ոտքի կանգնեցրեց նրան և ասաց, որ չի կարելի նստած տեղից ռեպլիկներ անել, իսկ Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Անմեղ տեղը 11 ամիս է նստած ենք, բա ուզում եք, որ մի հատ ռեպլիկ էլ չանե՞նք նստած տեղից» :

Դատախազ Արամ Արամյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ դատարանին ասաց, որ ամբաստանյալների կողմից չնշվեց որևէ օրենքի հիմնավորում, որ լինի ինքնաբացարկի պատճառ: Դատարանը  միջնորդությունը մերժեց՝ այն հիմնավորված չլինելու պատճառով:

Սանասար Բաղդասարյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը: Մասնավորապես ասաց. «Ինչ վերաբերում է դրդել ենք, բրդել ենք: Ու՞ր ա այդ տղան, որ ասում էիք Վրաստանում է: Ու՞ր: Բերե՛ք: Մի հատ նկար էր, մասնագետին ցույց ենք տվել: Մի հատ նկար նայելու համար 3 տարի դատու՞մ են: Ինչի՞ համար: Բերել ենք, որ հայրենիք պաշտպանենք: Ես Ռուսաստանում եմ գտնվել 10 տարի: Եկել ենք ու ընկել սրա մեջ: Ինչի՞ եք դատում, ինչի՞ համար: Էդ բերածները ես չգիտեմ որ ջանդամից են բերել: Հորինած, շինծու տրուբա է»։

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը նույնպես ներկայացրեց իր պաշտպանյալ Սամվել Բաբայանի բերված բողոքը: Պաշտպանն իր խոսքում նշեց, որ գտնում է առաջին ատյանը խախտել է փաստերը: Առաջադրված մեղադրանքներում Սամվել Բաբայանի մասին բերված փաստերը պատճառաբանված չեն, իսկ պատճառաբանությունները զուտ ենթադրություններ են: Դատարանը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքները: Դատավճռի հիմքում դրվել են ապացույցներ, որոնք չեն հիմնավորվում.

«Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքում որևէ նշում չկա, որ նա դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել զենք Արմեն Պողոսյանին և Սանասար Գաբրիելյանին: Եղել է Սանասար Գաբրիելյանի մասով, իսկ Արմեն Պողոսյանի մասով ոչինչ չի նշվել, ինչը նշվել է արդեն դատավճռում: Գործով իրեղեն ապացույց ճանաչված պլանշետային համակարգում առկա ֆայլերը, «Իգլա»  տեսակի զինամթերքը…ես չեմ ցանկանում այս ամենին մանրամասն անդրադառնալ:

Մեղադրանքի հիմքում տեղ գտած այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանն է դրդել ձեռք բերել այդ զենքը, որ խոստացել է այդ զենքը ձեռք բերելու համար վճարել 50.000 դոլար, այդ փաստերը չեն հաստատվել: Դա չի հաստատվել նաև դատաքննության ժամանակ: Ես ցանկանում եմ ասվածս հիմնավորելու համար անդրադառնալ մեղադրանքում տեղ գտած փաստական հանգամանքներին առանձին-առանձին: Գործում չկա որևէ տվյալ, որ Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին դրդել է։

Մեղադրանքում  նշվել է նաև, որ Սամվել Բաբայանը դրդել է ձեռք բերել ապօրինի կերպով «Իգլա» համալիր և խոստացել, որ դրա դիմաց կվճարի 50.000 ԱՄՆ դոլար: Մեղադրանքի ձևակերպումից անտեսվել է այն փաստը, որ նշված զենքը ձեռք բերելու դեպքում դրա դիմաց վճարելու առաջարկն արվել է Հրաչյա Մայիլյանի կողմից:

Առաջին ատյանի դատարանում իմ կողմից միջնորդություն էր արվել Հրաչյա Մայիլյանի հեռախոսազանգերը լսելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը: Այդուհետև, դատարանը հայտարարել էր, որ չեն կարող այդ գաղտնալսումները տրամադրել»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը փաստական ապացույցները պաշտպանական կողմից անտեսել է և կատարել  ենթադրական դատողություններ:

Սանասար Գաբրիելյանի և Հրաչյա Մայիլյանի միջև արված հեռախոսազրույցից վերցվել է հատված, որտեղ խոսքը 50.000-ի մասին է, և այդ հատվածը վերցրել ու այնպես են վերագրել, որ, իբր, դա Սամվել Բաբայանի խոստացված գումարն է, որը պետք է, իբր, տար զենքը ձեռք բերելու համար:

Ըստ պաշտպանի, այդ գաղտնալսման փաստացի խեղաթյուրումը կամայական դատողություն էր: Մեղադրանքի երկրորդ դրվագի (փողերի լվացում)  վերաբերյալ Սամվել Բաբայանի բերված բողոքը դատարանը կլսի հաջորդ դատական նիստին։

Վերջում հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել