Հերթական անգամ հետաձգվեց բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետի և մյուսների գործով դատական նիստը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ քննվում է ենթադրյալ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի և մյուսների գործը։

Ամիսներ շարունակ այս կամ այն պատճառով նիստերը չեն կայանում։ Նշենք, որ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված են 13 անձ։

Իրավաբան.net–ի լրագրողը դատավորի օգնականից տեղեկացավ, որ այս անգամ էլ դատական նիստը հետաձգվել է պաշտպաններից Սամվել Միրոզոյանը չէր կարող ներկայանալ։ Նախորդ վերջին երկու նիստերին ներկա չէին պաշտպաններից Վաղարշակ Գևորգյանը, Աշոտ Սարգսյանը։

Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի  բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, իր աշխատասենյակներում ընդունել է իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին, ենթադրվում է, որ պաշտոնյան նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ աշխատակիցների։

Ժաննա Հովհաննիսյանը զբաղեցնում էր   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արմեն Սողոյանին վերջինիս աշխատասենյակում ենթադրվում է, որ որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ:

Արամ Պետրոսյանը՝ Բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետը, ենթադրվում է, որ Սողոյանին կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:

Արոնա Սիմոնյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:

Զորիկ Մկրտչյան զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք Արմեն Սողոյանին է տվել 40.000 և 100.000 ՀՀ դրամ:

Երեմ Մարգարյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Լիլիա Մանուցյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Արմեն Ավետյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը և ենթադրվում է, որ նա որպես կաշառք Արմեն Սողոյանին տվել է 100.000 ՀՀ դրամ:

Ցիալա Խուդինյանի զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:

Ժիրայր Պետրոսյանը եղել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Սողոյնաին ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Արշավիր Հմայակյանը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Ալլա Թովմասյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Ենթադրվում է, որ նա որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Շողիկ Ավետիսյանը զբաղեցրել է Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետի պաշտոնը՝ իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ․ ենթադրվում է, որ նա, իրենց հատկացված աշխատասենյակում Արմեն Սողոյանի հետ մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք են ստացել, ընդհանուր առմամբ 265.000 ՀՀ դրամ:

Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 5-ին, ժամը 15։30-ին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել