Նոր կարգի համաձայն ե՞րբ ուսանողը կարող է տարկետում ստանալ

Պաշտպանության նախարարության ներկայացրած և խորհրդարանում հաստատված «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի լրացումներից ու փոփոխություններից հետո ակադեմիական տարկետման իրավունքը  սահմանափակվել է։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft):

Տարկետում կարող էին ստանալ միայն այն երիտասարդները, ովքեր պաշտպանության նախարարության հետ կնքում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և դրա ավարտից հետո պաշտպանության նախարարության  կողմից նշված վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է կառավարության որոշման այն նախագիծը, որով կրթության և գիտության ոլորտում բացառիկ համարվող երիտասարդները կարող են տարկետում ստանալ։

Ընդունված օրենքի համաձայն՝ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվելու է հանձնաժողով, որը տարկետում տրամադրելու համար պետք է դրական եզրակացություն տա, իսկ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում ուսանող երիտասարդներին։

Հանձնաժողովը սահմանում է 100 բալանոց սանդղակ։ Եթե ուսանողի միավորները 80 կամ բարձր են, նա ստանում է տարկետում։ Առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար:

Բալերի որոշման համար հիմք են հանդիսանալու տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ), գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, Հայաստանի նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ), բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականը, հանձնաժողովի հետ հարցազրույցը:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել