Նորություններ

ՀՀ նախագահի թեկնածուներ Արտակ Զեյնալյանի և Արմեն Սարգսյանի գույքն ու եկամուտները

«Ելք» դաշինքի կողմից ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Այս մասին հունվարի 14-ին հայտարարություն էր տարածել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հունվարի 19-ին ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացանք, որ Հայաստանի hանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է  առաջադրվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես ՀՀ նախագահի թեկնածու։

Իրավաբան.netը ներկայացնում է ՀՀ նախագահի թեկնածուների հայտարարագրած գույքն ու եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու պահին:

Այսպիսով, ԱԺ պատագամավորն իր պարտականությունները ստանձնել է 2017-ի մայիսի 18-ին։ Այդ օրվա դրությամբ Արտակ Զեյնալյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում:

Ա.Զեյնալյանի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 4,5 միլիոն դրամ, մոտ 20 հազար դոլար և 2.300 եվրո: 

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված նրա եկամուտները կազմել են շուրջ 2 միլիոն 765 հազար դրամ:

Այս եկամուտը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից, 4 տարբեր աշխատատեղերից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից և կենսաթոշակից:

Արտակ Զեյնալյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ: 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2013 թ-ի սեպտեմբերի 27-ին։ Այդ պահի դրությամբ դեսպանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 անհատական բնակելի տուն, 2 բնակարան։ Նրա դրամական միջոցները` այդ օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն եվրո։

Ներկայացված տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ

  • 2014-ին Արմեն Սարգսյանը ձեռք է բերել Range Rover 4.4 L V8 մակնիշի ավտոմենքենա՝ 70․000 ֆունտ ստեռլինգով (շուրջ 47 միլիոն դրամ): Հարկային տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 600 հազար եվրո։ 
  • 2015-ին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 6 միլիոն 150 հազար եվրո,
  • 2016-ին՝ 5 միլիոն 700 հազար եվրո։ 

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013 թվականի տարեսկզբին  հայտարարագրել է 950 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 930 հազար եվրո։ Տարեկան հայտարարագրերից պարզ է դառնում, որ տարիների ընթացքում դրամական միջոցները գնալով նվազել են՝ կազմելով՝

  • 2014-ին՝ 900 հազար եվրո, 
  • 2015-ին՝ 850 հազար եվրո
  • 2016-ին 780 հազար եվրո։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել