Նորություններ

Ի՞նչ է ակցիզային հարկը, ովքե՞ր են այս հարկը վճարողները և ո՞ր ապրանքներն են հարկվում ակցիզային հարկով

Ակցիզային հարկը հարկման օբյեկտ համարվող գործարքների և/կամ գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Սա ամրագրված է Հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածով:

Նշենք, որ ակցիզային հարկով հարկման օբյեկտ են համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով իրականացվող հետևյալ գործարքները և/կամ գործառնությունները.

  • արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը համարվում է ՀՀ-ն:
  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը ՀՀ,
  • ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը ՀՀ,
  • ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը (ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարում է համարվում նաև ավտոգազալիցքավորման ճնշակայան շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը):

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են՝

  1. էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի).
  2. սպիրտային խմիչքները.
  3. գարեջուրը.
  4. գինին.
  5. ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները).
  6. քսայուղը.
  7. բենզինը.
  8. դիզելային վառելիքը.
  9. հում նավթը.
  10. նավթամթերքները.
  11. նավթային գազերը.
  12. գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի).
  13. սեղմված բնական գազը: (Սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել