Նորություններ

Դատարանի նախագահի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ,  շարունակվեց Գեղարքունիքի  մարզի ընդհանուր իրավասության  առաջին  ատյանի դատարանի նախագահ  Աղվան Պետրոսյանի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու, այն է ՝  23 հազար դոլար կաշառք ստանալու գործի քննությունը:

Դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Սակայն մինչ գրավոր ապացույցների հետազոտման փուլին անցնելը Աղվան Պետրոսյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիտերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ.

«Քանի որ նյութերում կան հարցեր, որոնք հրապարակային հնչելու ենթակա չեն, այդ իսկ պատճառով միջնորդություն եմ ներկայացնում ապացույցների հետազոտման փուլն անցկացնել դռնփակ դատական դահլիճում»,- նա իր խոսքում նշեց, որ գործի նյութերում կան ինտիմ կյանքին վերաբերող հատվածներ։

Բոլոր պաշտպաններն ու ամբաստանյալները միացան այդ միջնորդությանը:

Դատախազ Դավիթ Կարապետյանը միջնորդության վերաբերյալ առարկություն չհայտնեց և թողեց դատարանի հայեցողությանը։
Այսպիսով, դատարանը որոշեց գրավոր ապացույցների հետազոտման փուլն անցկացնել  դռնփակության կարգով։

Այդուհետև, դատարանի կողմից  երկու րոպե ընդմիջում հայտարարվեց, որպեսզի լրագրողները լքեն նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալներից կալանավորված են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նրա վարորդ Կարեն Մարտիկյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը:
Գործով մյուս 9 ամբաստանյալներից ստորագրություն է վերցվել  չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ

Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ հանրորեն վտանգավոր այնպիսի արարքների կատարման համար, որոնք դրսևորվել են նրանում, որ նա հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այսինքն՝ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, որպես դատավոր իր վարույթում գտնվող ԳԴ/0016/01/15 քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Գոռ  Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Մասիս  Կարապետյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և Տարոն  Կարապետյանի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատաքննության ընթացքում՝ 2015թ. Սեպտեմբեր, 2016թ. ապրիլ  ամիսն ընկած ժամանակահատվածում, Գոռ Գալստյանի ծնողներ՝ Կամո և Մելանյա Գալստյաններից՝  նրանց որդու Գոռ Գալստյանի և դստեր ամուսին՝ Մասիս Կարապետյանի օգտին, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու և իր պաշտոնական դիրքն օգտագործելով նույն անձանց օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ Գոռ Գալստյանին մեղմ պատժի դատապարտելու, Մասիս Կարապետյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23000  դոլար կաշառք, ինչպես նաև 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝  իր աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին իր պաշտոնական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն՝  Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալուն նպաստելու համար, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

Վանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ դատարանի նախագահի աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝  Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալու համա դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝  1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

Կարեն Մարտիկյանին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որոնք դրսևորվել են նրանում, որ նա Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով նպաստել է Գոռ Գալստյանի ծնողներ՝ Կամո և Մելանյա Գալստյաններին, տվյալ քերական գործով քննություն իրականացնող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին առանձնապես խոշոր չափերով՝  10.805.170 ՀՀ դրամին համարժեք 23.000  դոլար կաշառք տալու համաձայնության իրականացմանը։ Բացի այդ, նպաստել  է ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նույն ՔԿՀ-ի աշխատակից Լաուրա Մարտիրոսյանի միջոցով կալանավորված անձ Լ. Մարգարյանին նույն հիմնարկի իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար քննությամբ չպարզված անձանց և Հ. Կարապետյանի կողմից ՔԿՀ պաշտոնատար անձին 45000 ՀՀ դրամ կաշառք տալու համաձայնության իրականացմանը։

Սևակ Շհոյանին մեղադրանք է առաջադրվել  ենթադրյալ հանցանք կատարելու համար, այն է՝  2012թ. մարտի 21-ից աշխատելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնում, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի վարույթում քննվող թիվ 31105114 քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Գոռ Կամոյի Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Մասիս Արարատի Կարապետյանի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 266 հոդվածի 4-րդ մասով, Գ. Գալստլանի օգտին իր պաշտոնական դիրքն օգտագործելով գործողություն կատարելուն՝  Գ. Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար վերջինիս ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից՝  2005թ. հունիս ամվա ընթացքում պահանջել և մի քանի օր անց Վարդենիս քաղաքում Մելանյա Գալստյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք։ 2015թ. հուլիսի 1-ին Գ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչից հետո Գալստյան ամուսինները պահանջել են հետ վերադարձնել կաշառքի գումարը, սակայն Սևակ Շհոյանն այն չի վերադարձրել։

Մելանյա Գալստյանին և ամուսնուն՝  Կամո Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, այս գործով ամբաստանյալ Ս. Շհոյանին տվել են 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 դոլար կաշառք՝ հանցագործության համար մեղադրվող իրենց որդու օգտին գործողություններ կատարելու համար և նրա արարքը ինքնապաշտպանություն որակելու համար: Հետագայում՝  նույն քրեական գործով դատական վարույթի ընթացքում 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսներին Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի միջնորդությամբ տվյալ քրեական գործով նիստը նախագահող դատավորին տվել են առանձնապես խոշոր չափերով՝ 10.805.170 դրամին համարժեք 23.000 դոլար կաշառք։

Էդվարդ Չինարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար նպաստել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, ինչպես նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից Զարիկ Գրիգորյանի ամուսնու՝ Ռոբերտ Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ( ռուբլի) կաշառք տալու համաձայնության իրականացմանը։

Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող կնոջ՝  Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝  Գոռ Գրիգորյանի փաստաբան Էդվարդ Չինարյանի օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ (ռուբլի) կաշառք։

Խաչատուր Դադոյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդես գալով որպես անշարժ գույքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը, ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Վրույր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Լաուրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ ծառայելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ Լ. Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար ՔԿՀ պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով Կարեն Մարտիկյանի միջոցով Հայկ Կարապետյանից ստացել է 450000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն։

Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել