ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան
Դավիթ Աբգարյան
Հունիս 2006թ.

Փաստաբանությունը, հանդիսանալով մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմներից մեկը, կարևոր դեր է խաղում ինչպես տվյալ երկրի դատաիրավական համակարգում, այնպես էլ հասարակական կյանքում: Անկախ և կենսունակ փաստաբանության համակարգից է նաև կախված մարդկանց հավատը դեպի տվյալ երկրի արդարադատության համակարգը և օրենքով պաշտպանված լինելու գիտակցումը: Անկախության, կենսունակության և իր բուն առաքելությանը առավելագույնս հետամուտ լինելու՝ փաստաբանության կարողությունը հատկապես կարևորվում է այն երկրներում, որտեղ չկան և չեն եղել իրավաբանի անկախ մասնագիտության, նրանց միավորող գործունակ և անկախ կազմակերպությունների գործունեության ավանդույթներ: Սա վերաբերում է նաև Հայաստանին, որն ավելի քան մեկ տասնամյակ գտնվելով շարունակական դատաիրավական բարեփոխումների շրջափուլում՝ համենայնդեպս հռչակել է իրավունքի գերակայության վրա հիմնված հասարակարգի, այդ թվում՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների լիարժեք պաշտպանությունն իրականացնելուն ունակ դատաիրավական համակարգի ստեղծման մտադրության մասին: Դատաիրավական ոլորտում մինչ այժմ իրականացված ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունները, կարծես, միտված էին հատկապես դրան, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ընդունված կարևորագույն օրենքներում, մասնավորապես ՀՀ սահմանադրության սկզբնական և փոփոխված տեքստերում, ամրագրված են այնպիսի դրույթներ, որոնք ուղղված են իրավունքի գերակայության ապահովմանը և մարդու հիմնական իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:
Այս առումով կարևոր է նաև Հայաստանի միանալը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք կարևոր միջազգային կոնվենցիաներին, որոնք ինքնին դարձել են Հայաստանի ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մասը: Այս ամենով հանդերձ, եթե անաչառ հայացք ձգենք Հայաստանի ներկա դատաիրավական համակարգին ընդհանրապես և փաստաբանության ինստիտուտին մասնավորապես, ապա ակնհայտ կլինի, որ դրանք իրենց ներկա տեսքով, հատկապես քաղաքականություն ձևավորողների (որոշում կայացնողների) և իրականացնողների առումով, ի վիճակի չեն լիարժեքորեն իրականացնելու արդեն իսկ հռչակված և օրենսդրական ամրապնդում ստացած վերոնշյալ նպատակներն ու սկզբունքները:
1998թ-ից սկսած և երկու անգամ տեղի ունեցած օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում զգալի փոփոխություններ կրեց փաստաբանության համակարգը: Խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն ստացած փաստաբանների կոլեգիայի համակարգը խորհրդային իրավական համակարգին հարիր կադրերով չէր կարող իրականացնել այն խնդիրները, որոնք դրվում են իրավունքի գերակայության վրա հիմնված իրավական պետությունների փաստաբանության համակարգի առջև: Փոփոխությունների արդյունքում փաստաբանությունը հռչակվեց որպես անկախ համակարգ, որը կոչված է իրականացնելու իրավապաշտպան գործունեություն: Որոշակի ինստիտուցիոնալ զարգացումների արդյունքում ձևավորվեց փաստաբանների միասնական մասնագիտական կազմակերպությունը՝ Փաստաբանների պալատը, որն էլ կոչված է իր գործունեությամբ կայացնելու փաստաբանության ինստիտուտը՝ երկրի իրավապաշտպան համակարգի կարևոր մեխանիզմներից մեկը:
Ընդհանրապես, փաստաբանների մասնագիտական կազմակերպությունների առաքելությունը և խնդիրները շատ որոշակի են և կոչված են ապահովելու փաստաբանների իրավունքների և շահերի պաշտպանությունը, նրանց շարունակական մասնագիտական կրթության ապահովումը, մասնագիտական վարքագծի կանոնների սահմանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, իրավաբանական օգնության մատչելիության ապահովումը և այլն: Այս խնդիրներն էլ հիմնականում ամրագրված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում և Փաստաբանների պալատի կանոնադրությունում:
Սակայն, այդ կարևոր խնդիրներով հանդերձ, ըստ իս, փաստաբանների մասնագիտական կազմակերպությունը ունի այլ, ավելի գլոբալ խնդիրներ ևս, որոնք կընդգծեին նրա դերը ոչ միայն փաստաբանության, այլև ամբողջ դատաիրավական համակարգում: Խոսքը վերաբերում է այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համակողմանի աջակցությունը արդարադատության համակարգի և ընդհանրապես դատաիրավական համակարգի՝ հասարակության գիտակցությանը և կարիքներին ադեկվատ բարեփոխումներին, աջակցությունը իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարությունն ու ազատ տնտեսական հարաբերություններն ապահովող օրենսդրության ընդունմանը, հասարակական գիտակցության բարձրացմանը դեպի իրավունքի, օրենքի նկատմամբ հարգանքը և անկախ իրավաբանական մասնագիտության դերն ու նշանակությունը: Այսպիսի խնդիրների իրականացման կամքն ու ունակությունները, անկասկած, կմեծացնեին փաստաբանության ինստիտուտի դերն արդարադատության համակարգում և հասարակության վստահությունը փաստաբանի մասնագիտության հանդեպ: Ներկազմակերպական խնդիրներից բացի այլ, ավելի գլոբալ խնդիրների առաջադրումը և իրականացումը հնարավոր կլինի փաստաբանության ինստիտուտը ինտենսիվ թերապիայով բուժելով՝ նրան ներարկելով մասնագիտական հրաշալի գիտելիքներ, համապատասխան կամք և ձևավորված մտածելակերպ ունեցող իրավաբաններով, որոնք պետք է դուրս մղեն խորհրդային ոճն ու գործելակերպը, ինչպես նաև ներկա արատավոր դատաիրավական համակարգին դաշնակցած կամ առնվազն դրա հետ հաշտված ու մերված զանգվածը: Արդի իրավական մշակույթի ներդմամբ տոգորված այդպիսի կառույցը, իր անդամներով, գործելակերպով և գաղափարներով շահեկանորեն տարբերվելով դատաիրավական համակարգի մյուս ինտիտուտներից, լոկոմոտիվի դեր կստանձներ իրական բարեփոխումների քաղաքական կամք ձևավորելու և իրավական պետությունների եվրոպական ընտանիքում Հայաստանի տրամաբանական և անայլընտրանք տեղը ապահովելու գործում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել