Խնդիրը լուծենք, մաքրենք ու ամեն ինչ մաքուր էջից սկսենք․ Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա՝ հունվարիի 18-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իր առաջին հանձնարարականով անդրադարձավ այն հարցին, որ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարների պարտավորություններ են կուտակվել տեղական ինքնակառավարման ոլորտում ու այլ որոտներում։

«Հաշվի առնելով, որ այդ տույժերի ու տուգանքների հավաքագրված խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, ամբողջական լուծում չեն ստացել, անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը ու կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,-ասաց նա:

Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման, գյուղատնտեսության ու ֆինանսների նախարարներին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմներ, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման ու նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:

ԱՅնուհետև վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց․ «Պարոն Մարգարյան, նման խնդիր ձեզ մոտ կա՞»։

Քաղաքապետն ասաց. «Վարձակալության մասով ունենք նման խնդիրներ, կխնդրեի մեզ էլ հանձնարարեք, որ քննարկումներին մասնակցենք»:

«Պետք է մեկ անգամ, ֆունդամենտալ այս խնդիրը լուծենք, մաքրենք ու ամեն ինչ մաքուր էջից սկսենք: Որևիցե խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան ու վերջը դառնան անլուծելի խնդիր, այս իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական և, գուցեև, համարձակ առաջարկություն տրվի»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել