ՊԵԿ Արևմտյան մաքսատան պետի գույքն ու եկամուտները

ՊԵԿ Արևմտյան մաքսատան պետի գույքն ու եկամուտները

Մասնագիտությամբ իրավաբան և հատուկ գնդապետի կոչում ունեցող Վլադիմիր Թամրազյանը արդեն 9 ամիս է, ինչ զբաղեցնում է ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնը։ Այս պաշտոնը ստանձնելու պահին 35-ամյա Վլադիմիր Թամրազյանը հայտարարագրել է․

  • Lexus LX 570,
  • Lexus ES 250,
  • 3 հողամաս,
  • 800 000 եվրո,
  • 750 000 դոլար,
  • 400 000 000 դրամ։

Այսինքն, միայն դրամական խնայողությունները 2 միլիոն դոլարից ավելի են։ Իսկ եկամուտը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է ընդամենը շուրջ 3 միլիոն դրամ, որը ստացվել  է աշխատավարձից։

Վլադիմիր Թամրազյանի՝ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականի հուլիսի մեկից, երբ սկսել է աշխատել Երևանի «Արարատ կոնյակի գինու-օղու» կոմբինատում՝ որպես փոխտնօրեն։ Այս պաշտոնում նա աշխատել է ընդամենը 7 ամիս։

Հետագայում 2007 թվականից մինչ օրս Վլադիմիր Թամրազյանը զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ։

«Էկոլոգիա Վ․Կ․Հ․» ընկերությունը և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան

«Էկոլոգիա Վ․Կ․Հ․» ՍՊ ընկերությունը  զբաղվում է կենսաբանական թափոնների ոչնչացմամբ։ 2009 թվականի մարտին կառավարության 449-Ա որոշմամբ այս ընկերությունը ստացել է լիզենցիա՝ բժշկական թափոնները ոչնչացնելու համար։ Ընկերությունը գործում է Էջմիածնում։

ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեսգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերության բաժնեմասերի 35 տոկոսը պատկանում է Վլադիմիր Թամրազյանին, մյուս 30 տոկոսը  Գերմանիայում գրանցված T&Z ընկերությանն է, իսկ 35 տոկոսը՝ Մոսկվայում գրանցում ունեցող Պետրոս Քոչարյանինը։

Այս ընկերությունն իր գործունեության ընթացքում մի շարք դատական գործեր է ունեցել։ Սակայն այդ գործերից մեկը թերևս առավել հետաքրքրական է։

2010 թվականին ՊԵԿ-ը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ պահանջելով ընկերությունից բռնագանձել շուրջ 7․6 միլիոն դրամ։ Գործով ընդունված վճռից տեղեկանում ենք, որ ՊԵԿ-ի կողմից ներկայացված հայցի հիմքում դրվել է «էկոլոգիա Վ․Կ․Հ․» ՍՊ ընկերության խախտումները՝  «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Շահութահարկի մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքների պահանջների վերաբերյալ։ Եվ այդ խախտումների հետևանքով առաջացել են պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ՝ ապառքի և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գծով։

ՊԵԿ-ի հայցն ընդդեմ այս ընկերության դատարանը մերժել է՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ընկերությունը մարել է իր պարտավորությունները։ Գործը քննվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ։

Ներկայացնենք դեպքերի ժամանակագրությունը՝

  • Օգոստոսի 23-ին ՊԵԿ-ի հայցադիմումը ստացվել է դատարան։ ՊԵԿ-ը նաև միջնորդել է դատարանին պահանջվող գումարի չափով հայցի ապահովման միջոց կիրառել, ինչը բավարարվել է։
  • Սեպտեմբերի 16-ին սակայն ՊԵԿ-ը միջնորդել է վերացնել հայցի ապահովման միջոցը։
  • Հետաքրքիր զուգադիպությամբ Վլադիմիր Թամրազյանը այս ընկերության բաժնեմասերի սեփականատեր է դարձել սեպտեմբերի  14-ին։ Միևնույն ժամանակ նշենք, որ 2008-2014 թվականներին Վլադիմիր Թամրազյանը եղել է ՊԵԿ ԱՏՄ պետի տեղակալ։
  • Վճիռը ընդունվել է 2010 թվականի նոյեմբերի 11-ին և չի բողոքարկվել։ Մեկ ամիս անց այն մտել է օրինական ուժի մեջ։

Մինչ այս, 2010 թվականի մայիսին նույնպես ՊԵԿ-ը հայց է ներկայացրել այս ընկերության դեմ՝ ավելի խոշոր՝ շուրջ 30․4 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով։ Սակայն այս դեպքում դատարանը, բավարարելով հայցը, 30,4 միլիոն դրամի վճարման պարտավորությունը դրել է ոչ թե ընկերության, այլ դրա նախկին տնօրեն Խաչիկ Ղազարյանի վրա։ Վերջինս ընկերության տնօրենի պաշտոնում աշխատել է 2010 թվականի ապրիլի 9-ից մինչև հոկտեմբերի 7-ը։ Այս գործը նույնպես քննվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ։

Վլադիմիր Թամրազյանը ՊԵԿ-ում պաշտոն զգաղեցնելու ժամանակաշրջանում նաև մեկ այլ ընկերությունում տնօրեն է եղել

1997 թվականի մարտից մինչ օրս գործող «Անի» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Մարիա Թամրազյանն է։ Նա և Վլադիմիր Թամրազյանը հաշվառված են միևնույն հասցեում, և ենթադրվում է, որ Մարիա Թամրազյանը նրա մայրն է։

Մարիա Թամրազյանն այս ընկերության 100 տոկոսի բաժնետեր դարձել է 2017 թվականի օգոստոսի 29-ին։ Հենց այս նույն օրն էլ բաժնեմասերի սեփականատեր դադարել է լինել Վլադիմիր Թամրազյանը։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներից երևում է, որ Վլադիմիր Թամրազյանն այս ընկերության բաժնեմասի/երի սեփականատերն է եղել 2005 թվականի հունվարից մինչև 2017-ի օգոստոսը։ Ավելին, Վլադիմիր Թամրազյանն այս նույն ժամանակահատվածում եղել է նաև  «Անի» ընկերության տնօրենը։ Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարից նա պետական ծառայող է եղել։

Ի դեպ, ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգից տեղեկանում ենք, որ ընկերությունը գործող է, սակայն չկա որևէ տեղեկություն դրա գործունեության տեսակի վերաբերյալ։

Վլադիմիր Թամրազյանի կնոջ բիզնեսը

Վլադիմիր Թամրազյանի կնոջ՝ Ռեբեկա Աբրահամյանի անունով միայն մեկ ընկերության վերաբերյալ տեղեկություններ կան։ Իրավաբանական անձանց պետռեգիստրից տեղեկանում ենք, որ Ռեբեկա Աբրահամյանին 2014 թվականի սեպտեմբերի 17-ից պատկանում է «Միթ Ինվեսթ» ՍՊ ընկերության բաժնեմասերի 25 տոկոսը։ Հարկ վճարողների փնտրման համակարգից տեղեկանում ենք, որ ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։

Այսպիսով, կարող ենք նշել, որ Վլադիմիր Թամրազյանը 2017-ի հունիսին նոր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ չի հայտարարագրել «Էկոլոգիա Վ․Կ․Հ․» ընկերությունում ունեցած բաժնեմասը, ինչպեսև որևէ նշում չի եղել «Անի» ընկերությունում բաժնեմաս ունենալու և այդ ընկերության տնօրեն լինելու հանգամանքի մասին (նա ՊԵԿ-ում վերջին պաշտոնը ստանձնել է 2017-ի հունիսին, իսկ հիշյալ ընկերությունում մասնակցությունը դադարեցրել է օգոստոսի 29-ին)։

Այս դեպքի վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն, պետք է իր նախաձեռնությամբ վարույթ հարուցի: Իսկ նույն հոդվածի 7-րդ կետը սահմանում է.

«Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերևույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում»:

Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով հանցագործություն են համարվում  հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը. այս արարքի դեպքում պատիժ կարող է նշանակվել  200 հազար դրամ տուգանքից մինչև  3 տարվա ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա: 

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից քրեականացվել է ապօրինի հարստացումը։ Եվ այդ պահից ի վեր պաշտոնյաները պատասխանատվության կկանչվեն գույքն ու եկամուտները չհայտարարագրելու, ապօրինի գույք ու եկամուտներ ստանալու դեպքերի բացահայտման դեպքում։ 

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել