Նոր նախագծով՝ ոստիկանությունը տեսախցիկներ կտեղադրի նաև հանրային վայրերում

Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս` ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Այս մասին օրենքի նախագիծը այսօր՝ հունվարի 15-ին, քննարկվում է Ազգային ժողովում:

Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին կհրապարակվոի նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու եւ տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով:

Նախագծի մասին իր կարծիքը հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը.

«Ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ ՀՀ-ում: Հիմնական և հարակից զեկուցողները անընդհատ բշում են միայն հանրային վայրերի մասին՝ մոռանալով, որ օրենքը նաև նախատեսում է տեսախցիկներ տեղադրել նաև մասնավոր վայրերում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների թվաքանակը և դրանց հանրորեն վտանգավոր բնույթը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ:

Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում:

Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցը կամրացվեն ոստիկանության ծառայողի համազգեստին կամ կգտնվեն ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի:

Նախատեսված է, որ  տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել:

Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:

Տեսանյութերը կամ լուսանկարները կոչնչացվի դրանց ամրագրումից 7 օր հետո: Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ կհետաձգվի, եթե`

1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում,

2) անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն,

3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն:

Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելն, այդ թվում` հրապարակելն, արգելվում է:

 57 կողմ, 31 դեմ ձայնով նախագիծն ընդունվեց:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել