ՊԵԿ-ը իրավասու չէ ստեղծելու և տնտեսավարողների նկատմամբ կիրառելու գաղտնագրված իրավական ակտ. ԻՀԱԿ

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» (ԻՀԱԿ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման օժանդակության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ  ԻՀԱԿ-ը ներկայացնում է «Վաղարշ» ՍՊ ընկերության իրավունքներն ու օրինական շահերի պաշտպանությունը․

2017 թվականի նոյեմբերի 27-ին ԻՀԱԿ-ը գրավոր դիմել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ խնդրելով թվարկել կոնկրետ այն իրավական ակտերը,  որոնց իրավակարգավորումներից ելնելով՝  ՊԵԿ-ը «Վաղարշ» ՍՊԸ-ում 2015-2016 թվականների ստուգումներն իրականացրել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառմամբ:

ԻՀԱԿ-ը դեռևս պատասխան չի ստացել ՊԵԿ-ից, թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխան ստանալու ժամկետները սպառվել են: Նույն կառույցից մինչ այս ստացված գրություններից, սակայն, պարզվում է, որ հարկատուների մոտ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառմամբ անցկացված ստուգումներն իրականացվել են նաև գաղտնագրված իրավական ակտի կիրառմամբ:

Սրանից ելնելով՝ ԻՀԱԿ-ն արձանագրում է հետևյալը.

  1.  ՊԵԿ-ը իրավասու չէ ստեղծելու և տնտեսավարողների նկատմամբ կիրառելու գաղտնագրված իրավական ակտ,
  2.  ՊԵԿ-ը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ապագաղտնիացման գործընթաց:

Նկատի ունենալով այն, որ հարկերի հավաքագրման ոլորտը (ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության ոլորտ) ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունում որպես թիրախային ոլորտ և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսականաջակցությամբ կոռուպցիոն ռիսկերի վերհանման նպատակով ենթարկվել է ուսումնասիրության՝ ԻՀԱԿ-ը խնդրի վրա հրավիրում է ՀՀ վարչապետի, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդգրկված հասարակական կազմակերպությունների և Հայաստանում ԱՄՆ դեսպանի ուշադրությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել