ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, իրավաբան
Լուսինե Աբգարյան
Հուլիս 2006թ.

Թեև Միացյալ Թագավորությունում գործում է մեկ կենտրոնացված կառավա-րություն, այնուամենայնիվ, առկա են տարբեր իրավական համակարգեր: Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում օրենսդրությունը, իրավական և դատական համակարգերը, ինչպես նաև իրավաբանի մասնագիտությունը տարբերվում են Անգլիայում և Ուելսում գործող համակարգերից:
Իրավաբանի մասնագիտությունը Անգլիայում և Ուելսում
Անգլիայում և Ուելսում իրավաբանի մասնագիտությունը բաժանվում է երկու հիմնական ճյուղերի՝ սոլիսիթորներ և բարիսթերներ: Սոլիսիթորը փաստաբան է, որը իրավական բոլոր հարցերով խորհրդատվական ծառայություններ է մատուցում վստահորդներին, նախապատրաստում է գործերը՝ բարիսթերների կողմից բարձր ատյանի դատարաններում ներկայացնելու համար, հանդես է գալիս ստորին ատյանի դատարաններում:
Սոլիսիթորների մասնագիտությունը սկիզբ է առնում 12-րդ դարից, երբ անգլիական դատարանների լեզուն ֆրանսերենի նորմանական ձևն էր և դատավարության մասնակիցները որպես թարգմանիչ հանդես եկող ներկայացուցչի կարիք ունեին: Այդ ներկայացուցչիները կարող էին նաև դատարանում հանդես գալ վստահորդի անունից: Նրանք հայտնի էին որպես հավատարմատարներ և ներկա սոլիսիթորների նախատիպն էին: Այս մասնագիտությունը երկար ժամանակ օրենդրական կարգավորման չէր ենթարկվում՝ մինչև 19-րդ դարի սկզբին Իրավաբանների միության (The Law Society) ստեղծումը: 1845 թ.-ին Թագավորական hրամանով հաստատված կանոնադրությամբ Իրավաբանների միությունը իրավունք ստացավ ներդնել կրթության և վարքագծի կանոնների ազգային ստանդարտներ: Մոտավորապես նույն ժամանակ էլ «փաստաբան» տերմինը սկսեց դուրս մղվել հօգուտ «սոլիսիթոր» տերմինի: Հետագայում պառլամենտի կողմից ընդունվեցին տարբեր ակտեր, որոնցով իրավաբանների միության իրավասությունները ընդլայնվեցին:
Սոլիսիթորները, ունենալով մասնագիտական կրթական բարձր որակներ, կազմում են Անգլիայի և Ուելսի փաստաբանների մեծամասնությունը և իրականացնում են վստահորդների մեծամասնության գործերի վարումը: Սոլիսիթորներին միավորող մասնագիտական կազմակերպությունը Անգլիայի և Ուելսի Իրավաբանների միությունն է, որին անդամակցում են Անգլիայի և Ուելսի ավելի քան 66.000 սոլիսիթորները: Բոլոր սոլիսիթորները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են՝ առաջնորդվելով Իրավաբանների միության վարքագծի կանոններով: Իրավաբանների միության ղեկավար մարմինը 75 հոգուց բաղկացած խորհուրդն է:
Սոլիսիթորների գործունեության հիմնական ուղղությունը վստահորդներին (մասնավոր անձինք, տնտեսական ընկերություններ, արտասահմանյան հաճախորդներ և այլն) իրավաբանական ծառայությունների մատուցումն է՝ ներառյալ ներկայացուցչությունը դատարանում: Մինչև վերջերս սոլիսիթորները կարող էին իրենց վստահորդների շահերը ներկայացնել միայն ստորին օղակների դատարաններում, սակայն օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նրանք արդեն կարող են դա անել նաև բարձր դատական ատյաններում:
Մասնավոր գործունեություն (պրակտիկա) – Սոլիսիթորների գրեթե 90%-ը զբաղվում է մասնավոր գործունեությամբ՝ որպես անհատ (sole practitioner) կամ այլ սոլիսիթորների հետ ընկերություն ստեղծելով (partnership): Անհատ սոլիսիթորները ունեն իրենց ֆիրմաները և միայնակ են տնօրինում և կառավարում այն: Իրավաբանական ընկերություններում կառավարումը վերահսկվում է գործընկեր (բաժնետեր) սոլիսիթորների կողմից: Նրանք հաճախ ունենում են այլ սոլիսիթորներից բաղկացած մեծ աշխատակազմ, երբեմն նաև օտարերկրյա փաստաբաններ: Մինչև վերջերս իրավաբանական ընկերություն կարող էին ստեղծել միայն սոլիսիթորները, սակայն 1992 թ.-ի օրենսդրական փոփոխությունները թույլ տվեցին, որպեսզի իրավաբանական ընկերություններում որպես գործընկեր ներգրավվեն նաև այլ երկրներում իրավաբանական կրթություն և փաստաբանի որակավորում ստացած անձինք: Ներկայումս Անգլիայում և Ուելսում կան գրեթե 10.000 իրավաբանական ֆիրմաներ, որոնք գործում են ամբողջ երկրով մեկ բացված 14.000 գրասենյակների միջոցով: Որոշ ֆիրմաներ իրենց գրասենյակներն ունեն նաև այլ երկրներում, մասնավորապես Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում, որտեղ նրանք խորհրդատվություն են մատուցում միջազգային և անգլիական իրավունքի վերաբերյալ:
Իրավաբանական ընկերությունները, որպես կանոն, ունեն մինչև 4 գործընկեր սոլիսիթորներ (բաժնետերեր), սակայն ներկայումս տենդենց կա դեպի ավելի մեծ ընկերությունների կազմավորումը, որը հիմնականում պայմանավորված է օրենսդրության ավելի բարդանալու և նեղ մասնագիտացման կարիքի հետ: 20 գործընկերներով ընկերությունները արդեն դառնում են սովորական, իսկ մեծ ընկերությունները ունեն ավելի քան 100 գործընկեր:
Անգլիայի և Ուելսի յուրաքանչյուր քաղաքում կան սոլիսիթորների գրասենյակներ, որոնք հանդիսանում են առաջին կետը իրավաբանական խորհրդատվության կարիք ունեցող անձանց համար, ներառյալ այնպիսի հարցերով, որոնք շատ երկրներում լուծվում են նոտարների կողմից, օրինակ՝ անշարժ գույքի գործարքներ, ժառանգության հարցեր և այլն:
Վարձու սոլիսիթորներ – Սոլիսիթորների մոտ 10%-ը աշխատում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կամ մասնավոր առևտրային ընկերություններում, որոնք ունեն իրավաբանական ստորաբաժանումներ: Վարձու սոլիսիթորները ունեն մասնագիտական նույն կարգավիճակը և համարվում են լիովին անկախ իրավաբաններ: Նրանք պարզապես տարբերվում են այն բանով, որ աշխատում են միայն մեկ վստահորդի՝ իրենց գործատուի համար:
Ընդհանուր պրակտիկա – Ընդհանուր պրակտիկայով զբաղվող սոլիսիթորները աշխատում են համայնքներում՝ աջակցելով հանրության իրավական խնդիրների լուծմանը: Սակայն նրանք կապված չեն որևէ կոնկրետ դատարանի հետ և կարող են գործել Անգլիայի և Ուելսի ամբողջ տարածքում: Ընդհանուր պրակտիկայի սոլիսիթորները հիմնականում զբաղվում են անշարժ գույքի գործարքների, ժառանգության, վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունների, ընտանեկան իրավունքի վերաբերյալ հարցերով: Նրանք վերոնշյալ, ինչպես նաև քրեական գործերով իրենց վստահորդների շահերը ներկայացնում են նաև դատարաններում: Նրանք նաև հանդես են գալիս որպես տնտեսական իրավունքի խորհրդատուներ այնպիսի հարցերով, ինչպիսիք են աշխատանքային իրավահարաբերությունները, պայմանագրերը, ընկերությունների ստեղծումն ու գրանցումը, մրցակցային օրենսդրությունը և այլն:
Բիզնես խորհրդատուներ – Իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցումից բացի՝ սոլիսիթորները վստահելի խորհրդատուներ են, որոնց վրա կարելի է հենվել տնտեսական գործեր վարելիս: Երկար ժամանակ նույն վստահորդի հետ աշխատանքի փորձը հնարավորություն է տալիս մասնագիտանալ այլ ոլորտներում ևս, օրինակ` հարկային և ֆինանսական հարցերը, անշարժ գույքի ձեռքբերումը հիփոթեքային վարկավորմամբ, կտակի հետ կապված հարկային խնդիրները և այլն: Բիզնեսի խորհրդատու սոլիսիթորները համարվում են տեղի բիզնես համայնքի կարևոր մասը և լավ հարաբերություններ ունեն բանկերի, ֆինանսիստների, հաշվապահների հետ: Այն դեպքերում, երբ նրանք անկարող են օգնել վստահորդին, ապա կարողանում են գտնել նրան, ով կարող է օգտակար լինել:
Մասնագետներ – Եթե շատ ֆիրմաներ առաջարկում են իրավաբանական համապարփակ ծառայություններ՝ ներառելով իրավունքի գրեթե բոլոր ճյուղերը, ապա աստիճանաբար շատանում են այն անհատ սոլիսիթորների և ֆիրմաների թիվը, որոնք մասնագիտանում են մեկ կամ դրան հարակից իրավունքի ճյուղերում՝ դառնալով իրավունքի այդ ճյուղի փորձագետներ: Սա մասնավորապես տարածված է այն ֆիրմաներում, ովքեր աշխատում են բիզնեսի ոլորտի վստահորդների հետ: Նեղ մասնագիտացումը ընդգրկում է բանկային, կորպորատիվ, առևտրային, շինարարության, ապահովագրության, մտավոր սեփականության, հարկային, մրցակցային, առևտրային նավագնացության և արբիտրաժային իրավունքները:
Առևտրային փորձաքննություն – Միացյալ Թագավորության պատմական դերը՝ որպես համաշխարհային առևտրի և ֆինանսների կենտրոն, հանգեցրել է նրան, որ սոլիսիթորները բավականին մեծ փորձ են կուտակել միջազգային գործարքների ոլորտում: Դարերի ընթացքում բուռն զարգանալով՝ անգլիական առևտրային իրավունքը ներկայումս միջազգային պայմանագրերի և գործարքների ժամանակ հաճախակի է ընտրվում որպես կիրառելի օրենք, անգամ եթե այդ գործարքները որևէ առնչություն չունեն Անգլիայի կամ Ուելսի հետ: Լոնդոնի առևտրային դատարանում քննվող գործերի 80%-ը հարուցվում է օտարերկրյա գործարքների մասնակիցների կողմից: Սոլիսիթորները, օգտագործելով այդ հանգամանքը, ինչպես նաև այլ հանգամանքներ, ինչպես օրինակ անգլերեն լեզուն, որը դարձել է միջազգային բիզնես համայնքի կողմից օգտագործվող լեզու, պատմական կապերը, որոնք ձևավորվել են Անգլիայի և ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հոնգ Կոնգի միջև, ինչպես նաև այն, որ Անգլիական իրավունքը հանդիսանում է ընդհանուր իրավունքի իրավական համակարգի հիմքը, հանդես են գալիս որպես պահանջված իրավական խորհրդատուներ և փորձագետներ՝ տարբեր միջազգային գործարքների կնքման ժամանակ:
Եվրոպական Միություն – Եվրոպական միության օրենսդրությունը, հանդիսանալով Միացյալ Թագավորության օրենսդրության բաղկացուցիչ մասը, աստիճանաբար տարածվում է տարբեր ոլորտների վրա, օրինակ՝ տնտեսական մրցակցություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, մտավոր սեփականություն՝ նոր իրավունքներ պարգևելով անհատ քաղաքացիներին: Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրների վստահորդների համար սոլիսիթորները խորհրդատվության հարմար աղբյուր են նոր իրավունքների, ազատությունների և բիզնես հնարավորությունների վերաբերյալ: Այսպիսի ծառայություններ մատուցելու նպատակով սոլիսիթորները մշտապես յուրացնում են այն օրենսդրությունը և որոշումները, որոնք ընդունվում են Եվրոպական միության կենտրոնակայանում՝ Բրյուսելում և Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանում:
Որպեսզի Եվրոպական իրավունքի ոլորտում վստահորդներին իրավաբանական ծառայությունների մատուցումը դյուրացվի, մոտավորապես 40 անգլիական սոլիսիթորական ֆիրմաներ գրասենյակներ են բացել Բրյուսելում՝ մասնագիտանալով Եվրոպական միության իրավունքի ոլորտում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել