Քննարկվեցին ԶԼՄ հրապակումների հիման վրա քրեական գործ հարուցելու վերաբերյալ առաջարկությունները․ հանդիպում գլխավոր դատախազի հետ

Պետք է սահմանվեն չափանիշներ, որոնց հիման վրա քրեական գործեր կհարուցվեն լրատվության միջոցների կողմից հանցագործությունների մասին հաղորդում-հրապարակումների հիման վրա․ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան արդեն իսկ մշակել է իրավական փաստաթուղթ, որով մի շարք առաջարկություններ են ներկայացված ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հատկապես կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա քրեական գործերի հարուցման մեխանիզմների, չափանիշների վերաբերյալ։

Այսօր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները հանդիպում ունեցան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որի ժամանակ քննարկվեցին առաջարկությունները։ Հանդիպում-քննարկմանը ներկա էին նաև գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, խորհրդական Գոռ Աբրահամյանը և կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը։

Արթուր Դավթյանն իր խոսքում նշեց, որ լրջորեն է վերաբերում Կոալիցիայի գործունեությանը և ներկայացված առաջարկությունների փաթեթը առավել մանրակրկիտ ուսումնասիրության առարկա կդառնա դատախազությունում։

Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը նշեց, որ ներկայացված փաստաթուղթը կարևոր է այն տեսանկյունից, որ դրանում ներկայացված են չափանիշները, որոնց դեպքում  լրատվամիջոցի հրապարակումը կարող է քրեական գործ հարուցելու հիմք լինել։ Օրինակ,  տեղեկության աղբյուրը վստահելի է, տեղեկությունները ստուգված են, և այլն։ Եվ առաջարկվում է նաև դատախազությունում ունենալ ներքին մոնիտորինգային խումբ, որը այդ չափանիշների հիման վրա ընթացք կտա ԶԼՄ հրապարակումներին։

Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը  նշեց, որ արդեն իսկ օրինական ուժի մեջ է մտել ապօրինի հարստացման քրեականացումը և նախատեսվում է, որ առաջիկայում երբ բարձրաստիճան պաշտոնյաները կներկայացնեն իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները բազմաթիվ ուսումնասիրություններ ու հրապարակումներ կկատարեն, որոնք պետք է արձագանք ստանան իրավապահների կողմից։ Հետևաբար, ցանակալի է, որ Կոալիցիայի կողմից մշակված առաջարակություններն առավել սեղմ ժամկետներում ընթացք ստանան։

Կ․ Զադոյանը առաջարկեց նաև դատախազության կայքում ստեղծել հնարավորություն, որպեսզի քաղաքացիներն անձամբ հնարավորություն ունենան ԶԼՄ հրապարակման հղումներ փոխանցել և հատուկ ուշադրություն հրավիրել կոնկրետ հրապարակումների վրա, ինչպես դա նախատեսված է ազդարարաների ինստիտուտի դեպքում։ Նա հավելեց նաև, որ Կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կանգնած են  ազդարարների ինստիտուտի ներդրման ակունքներում և բազմիցս նշել են, որ ազդարարաման համակարգը պետք է գործարկվի և վերահսկվի միայն մեկ մարմնի կողմից, որը պետք է լինի գլխավոր դատախազությունը։

Արթուր Դավթյանը հանդիպման վերջում հայտնեց, որ քննարկումները կարող են շարունակվել նաև այլ ֆորմատով՝ թիրախային խնդիրների լուծման նպատակով․ «Մենք պիտի ձեզ աշխատացնենք, դուք պիտի մեզ աշխատացնեք»։

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ դատախազության և Կոալիցիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում են նաև օրենսդրական բարեփոխումներին ուղղված միասնական քայլեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել