Ինչպե՞ս է տնօրինվում համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը

Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքում իր ունեցած բաժնեմասը սեփականատերը կարող է այլ անձի վաճառել, նվիրել կամ ցանկացած այլ ձևով օտարել միայն մյուս համասեփականատերերի համաձայնության առկայության պայմաններում: Նման իրավակարգավորում սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով, որի 2-րդ մասը սահմանում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել