Դատարանը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին վերսկսել անօրինական ներգաղթյալների պաշտպանության ծրագիրը

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ժամանակավորապես վերսկսել անչափահաս տարիքում ԱՄՆ մուտք գործած անօրինական ներգաղթյալներին արտաքսումից պաշտպանելու ծրագիրը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Թրամփի վարչակազմը հայտարարել է ծրագրի դադարեցման մասին: Դրանից հետո տասնյակ նահանգներ դատարան են դիմել՝ պահանջելով ծրագրի դադարեցումն անվավեր ճանաչել, քանի որ այդ քայլը խախտում է ներգաղթյալների օրինական իրավունքները:

Հունվարի 9-ին դատավոր Ուիլյամ Ալսապը վճռել է, որ ծրագիրը պետք է մնա ուժի մեջ մինչև այդ գործի վերաբերյալ դատական գործընթացի ավարտը: Որոշման համաձայն՝ այն պետք է վերսկսվի և իրականացվի նույն պայմաններում, որոնցով այն իրականացվում էր մինչ սեպտեմբերին դրա դադարեցումը:

Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին սահմանված ԱՄՆ մուտք գործած անօրինական ներգաղթյալներին արտաքսումից պաշտպանելու ծրագիրը տարածվում էր այն օտարերկրացիների վրա, որոնք գտնվում են ամերիկյան տարածքում անօրինակա կերպով և որոնք եղել են 31 տարեկանից ցածր 2012 թվականի հունիսի դրությամբ: Ծրագիրը վերաբերում է այն օտարերկրացիներին, ովքեր 16 տարեկանից ցածր են եղել Միացյալ Նահանգներ մուտքի պահին և երկրում են ապրել 2007 թվականի հունիսից:

Ծրագրով մոտ 800 հազար օտարերկրացու հաջողվել է օրինական կերպով խուսափել արտաքսումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել