Կաշառք տալու փորձի մեջ մեղադրվող փաստաբանի գործն ուղարկվել է դատարան

Փաստաբան Վաղինակ Ա.-ի գործն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործով  դատավոր է նշանակվել Նելլի Բաղդասարյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ փաստաբան Վաղինակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն: Վաղինակ Ա.-ն հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննված թիվ ԵՇԴ/0195/01/16 քրեական գործով ամբաստանյալ Մանուկ Մ.-ի  շահերի պաշտպանը:

Նշված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանուկ Մ.-ի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանել և նշանակել է ավելի մեղմ պատիժ` 2 տարի ժամկետով ազատազրկում:

Փաստաբանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերագրել է իրեն և Մանուկ Մ.-ին և նրա քրոջը հավաստիացրել է, որ Վերաքննիչի դատավորները Մանուկյանի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց:

Այնուհետև Սեդա Մ.-ից անձամբ ստացել է հիշյալ 470.000 ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքում հանցագործությունը` Մանուկ և Սեդա Մ.-երի կողմից խոշոր չափերով կաշառք տալը, ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վաղինակ Ա.-ն հիշյալ գումարը խաբեությամբ հափշտակել է:

Սեդա  և Մանուկ Մ.-երին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով իրար հետ, փորձել են խոշոր չափերով կաշառք տալ դատական իշխանության ղեկավար աշխատող պաշտոնատար անձանց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:

Վաղինակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Սեդա Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, Մանուկ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել