Ես առաջինն էի, ով գործարկեց նշված օրենսդրական նոր դրույթը, թեպետ այն ինձանից պահանջեց ավելի քան վեց ամիս. Սյուզաննա Սողոմոնյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-Ցանկացած ձեռքբերում ենթադրում է նաև բացթողում, հակառակ դեպքում ամեն ինչ կլիներ իդեալական, և որևէ մեկիս շարունակական ջանքերի կարիքը չէր զգացվի։ Նախորդ տարին ինձ համար առանձնացավ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմամբ, ընդունվեցին մի շարք հակակոռուպցիոն օրենքներ, որոնց դրական ազդեցությունը զգալու համար հասարակությունից պահանջվելու է օժանդակություն, համբերություն և տևական ժամանակ։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Ինձ համար բարեխիղճ, հանրային ընկալում, մասնագիտական բարձր որակներ ու կամային հատկանիշներ ունեցող ցանկացած մասնագետ համարվում է իր գործի պրոֆեսիոնալը։  

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում նոտարները իրավունք ունեն հաստատելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը։ Եվ սա իրականում շատ կարևոր փոփոխություն է, որի արդյունքում դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազի, իսկ քաղաքացիները ժամանակ կխնայեն։ Եվ այնպես ստացվեց, որ ես առաջինն էի, ով գործարկեց նշված օրենսդրական դրույթը, թեպետ այն ինձանից պահանջեց ավելի քան վեց ամիս։ Վերջինս էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընդունված իրավական ակտին զուգահեռ հարկավոր էր ընդունել նաև ենթաօրենսդրական ակտեր կամ ուղեցույցեր, որոնք առավել մանրամասն կարգավորումներ և գործնական ուղիներ կնախատեսեին նորամուծության կիրակման համար։ Ընդ որում, որոշ նոտարներ անգամ խուսափում էին նշված գործարքի կատարումից։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Մի առիթով նշել էի, որ Ձմեռ պապը ինձ համար հրաշագործ է, ու, քանի որ Հայաստանում առանց այդ էլ իրավաբանների թիվը մեծ է, իսկ իրական Ձմեռ պապերը քիչ են, ուստիև, Ձմեռ պապը թող մնա իր «պաշտոնին» ու նույն եռանդով շարունակի իրեն վստահված պատասխանատու և բարդ աշխատանքը՝ ուրախություն պարգևի մեր երեխաներին։

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Տոները անցկացրել եմ ընտանեկան միջավայրում, այնուհետև՝ ազատ ժամանակս նվիրել եմ իմ նախասիրություններին։ Շատ եմ սիրում զբաղվել սիրած գործով

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Ժամանակի սղության պատճառով, այս տարի ցավոք չեմ հասցրել, թեպետ, խոստավանում եմ՝ խոհանոցում ժամերով փակվելը ինձ համար սիրելի զբաղմունքներից մեկն է։  

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Առհասարակ, Նոր տարին հնարավորություն է գնահատել և ամփոփել կատարված աշխատանքը, ուրվագծել հաջորդ տարվա անելիքները: Ամեն տարվա նախաշեմին ակնկալիքները, իհարկե, շատ մեծ են և հավակնոտ։

Անցած տարում մենք լիքը անկեղծ շնորհակալություններ ենք ստացել որպես մեր կատարած աշխատանքի արգասիք։ Իհարկե, նման վերաբերմունքի արժանանալուն ուղղված մեր ջանքերը մնում են կուլիսների հետևում։ Ուրեմն, ես ի սրտե ակնկալում եմ, որ երախտիքի խոսքերը կրկնապատկվեն, դրանից ավելի հաճելի բան, դժվար է պատկերացնելը։ Իսկ մեր ժողովրդին կրկին ու կրկին ներքին և արտաքին խաղաղություն եմ մաղթում, ինչպես նաև պարզ մարդկային երջանկություն:

-Ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ասում են՝ եթե բարձրաձայնում ես երազանքներիդ մասին, դրանք հնարավոր է չիրագործվեն Բայց, այդուհանդերձ, մեկը կբարձրաձայնեմ։ Գիտեք, տարիների ընթացքում շատ բան է փոխվումերազանքներդ, նպատակներդ, ցանկություններդ։ Բայց այս ամենի շարքում կա մի բան, որ հարատև է դա խաղաղության և սահմանների ամրության ցանկություն է։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել