Ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկել երկրաշարժի ժամանակ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել երկրաշարժի ժամանակ:

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը

-Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը

-Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը

-Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնա՞մ, թե ոչ

-Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Հնարավոր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը

-Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել