Ձմեռ Պապը իրավաբան լինելու պարագայում բավական արդյունավետ կզբաղվեր իրավապաշտպան գործունեությամբ. Հովհաննես Չամսարյան

Փաստաբան Հովհաննես Չամսարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է տարվա ձեռքբերումների և բացթողումների մասին:

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2017 թվականը լի էր մարտահրավերներով: Հայաստանի իրավական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ փոփոխություններ, որոնք արդարացիորեն արժանացան դժգոհությունների:

Ինձ համար տարին բավականին արդյունավետ էր։ Մասնագիտական և բիզնես գործունեության մեջ տեղի ունեցան փոփոխություններ, որոնք ընդհանուր առմամբ գնահատում եմ դրական։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Ինձ համար պրոֆեսիոնալ է այն մասնագետը, ով ընդունակ է կայացնել որոշում և կրել պատասխանատվություն իր կայացրած որոշման համար, ով ունի հստակ ձևավորված տեսակետ և համարձակություն այն ազատորեն արտահայտելու համար, ով ազնիվ է իր վստահորդի հետ և իրապես ներդնում է լավագույն ջանքերը իր վստահորդի շահերի պաշտպանության համար։ Ահա այս հատկանիշները կրող մասնագետը այս տարի աչքի ըկավ իր պրոֆեսիոնալիզմով։

Այնուհանդերձ կցանկանայի առանձնացնել փաստաբան Վահե Գրիգորյանին, ով ոչ միայն այս տարի այլ յուրաքանչյուր անգամ փայլում է իր արհեստավարժությամբ։ Տպավորվել էի 2017 թվականի ապրիլին ՀՀ Սահմանադրական դատարանում վերջինիս ելույթով, իսկ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» և «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով Վահե Գրիգորյանի կատարած աննախադեպ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում։

-Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Իհարկե պրակտիկայում պատահում են աբսուրդի հասնող իրավիճակներ, երբեն ստեղծվում են պահեր, երբ մարդկային բանականությունը իր ողջ ուժով ընդդիմանում է որոշ փաստերի, սակայն ցավոք մեր դատական համակարգում տիրող իրավիճակը վաղուց արդեն զավեշտալի չէ։ Բազմաթիվ են հանգամանքներ, որոնք թե՛ մասնագիտական արատի և թե՛ կողմնակալության հետևանք են։

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Ես վաղուց ոչինչից չեմ զարմանում։ Ավելի շատ տեղի ունեցան դեպքեր, որոնք զայրացրեցին, քան զարմացրեցին։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Կարծում եմ Ձմեռ Պապը իրավաբան լինելու պարագայում բավական արդյունավետ կզբաղվեր իրավապաշտպան գործունեությամբ։

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

 -Ամանորյա տոները նշում եմ բացառապես ընտանեկան միջավայրում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունքում բավարար ժամանակ չեմ կարողանում հատկացնել ընտանիքիս, հետևաբար հանգստյան և տոն օրերը առավելապես օգտագործում եմ ընտանիքիս հետ անցկացնելու համար։ Բացի այդ Ամանորյա տոները ընտանեկան միջավայրում նշելու ավանդույթը գալիս է դեռևս ծնողներիցս, չեմ կարող մտաբերել մի Ամանոր, երբ մենք միասին նշած չլինենք։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Վերջին շրջանում Ամանորյա տոները անցկացնում ենք Հայաստանից դուրս, հետևաբար պատրաստելու կարիքը բացակայում է։ Սակայն ժամանակ առ ժամանակ հայտնվում եմ խոհանոցում, ասում են մսային կերակուրներ պատրաստելն ինձ մոտ վատ չի ստացվում։

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

 -Կարծում եմ, որ ապագայում ակնկալիքների իրականացումն առավելապես նստած է հենց մեր մեջ, այսինքն դրա իրագործման համար մեզնից շատ բան է պահանջվում։ Այն ամենը, ինչի մարդ հասնում է կյանքում, նրա սեփական գործողությունների ուղղակի արդյունքն է։

-Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Վերջին տարիներին Ձմեռ Պապը դադարել է ինձ նվերներ տալ, հավանաբար ինձ խելոք չեմ պահում 🙂 Իսկ երեխաներիս, բացի իրենց խնդրած նվերներից կարծում եմ կբերի նաև այնպիսի նվերներ, որոնք իրենց իրապես անհրաժեշտ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել