Նորություններ

Մենք ընտանիքով՝ իրարով ենք ուժեղ. մայոր Սարգիս Ստեփանյան

Մայոր Սարգիս Ստեփանյանը ամիսներ առաջ մեկ վերջույթով դարձել է Բազկամարտի աշխարհի գավաթի հաղթող և 2 ոսկե և մեկ ածաթե մեդալ նվաճել: Ապրող ու ապրեցնող հերոսը, ինչպես ինքն է ասում, թոշակի գնալու մտադրություն բացարձակ չունի, նոր հմտություններ է ձեռք բերում ռազմական ոլորտում, ձգտում իր նպատակների իրականացմանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում Սարգիսը պատմել է անցած ուղու, սպորտային ու ռազմական կարիերայի, նոր նպատակների ու ընտանիքի մասին: Արցախում 2014թ-ին ականապայթյունային վիրավորում ստանալուց հետո Արցախ դեռ չի գնացել, «Կգնամ…»,- հաստատ կամքով նշում է Սարգիսը: 

-Սարգի՛ս, գիտեմ, որ դուք 5 կիլոգրամ եք ծնվել։ Ձեր ուժը, կարծես թե, գեներով է գալիս։

-Մեր երեխաների մեջ ամենածանր ես եմ ծնվել, ու հետաքրքիրն այն է, որ իմ տղաների մեջ էլ Սերգեյը ծնվել է ուղիղ 5 կգ, 53 սմ հասակով՝ նույն իմ չափսերով, 4,300 գր էլ՝ Վարդանը: Քույրս ու եղբայրս էլ 4 կգ-ից ավել են ծնվել։ Մենք խոշոր ենք (ժպտում է,- հեղ.):

Ես Երևանում եմ ծնվել, մայրս Արցախից է, հայրս՝ Աբովյանից, էստեղ՝ Երևանում են ծանոթացել, ամուսնացել։ Կինս էլ Արցախից է։ Բայց դե հայը հայ է, ի՞նչ կապ ունի Արցախից լինի, թե որտեղից։

Սարգիսը՝ զինվորական

-Ավարտել եք դպրոցն ու ընդունվել Արցախի պետական համալսարանան, ինչպե՞ս ստացվեց ռազմական գործին անցնելը։

-Ավարտել եմ Պարույր Սևակի անվան 123 հիմնական դպրոցը, 2000 թ-ին ընդունվել Արցախի պետական համալսարան՝ հումանիտար ֆակուլտետի նախնական զինվորական պատրաստության և ֆիզկուլտուրայի բաժին։ Ինչպես հիմա Հայաստանում է վերացվում տարկետման իրավունքը, նույնը 2001 թ-ին Արցախում եղավ։ Ու գնացել եմ ծառայության։ 2001-2003 թվականներին ծառայել եմ պաշտպանական բանակի զորամասերից մեկում, 2003-2007 թվականներին շարունակել ու ավարտել եմ ուսումս։

Պաշտպանության նախարարությունում նոր վաշտ էր բացվել, իմացա դրա մասին, առաջինը պապային ասացի, ինքն էլ դե՝ կռված մարդ (Սարգիսի հայրը՝ Վանիկ Ստեփանյանը արցախյան պատերազմի վետերան է)։ Հետաքրքրվեցինք, գնացի, տեսանք, թե իմ տվյալների համապատասխան ինչ թափուր պաշտոն կար ու ընթացք տվին գործերիս։ Հենց 2007թ․ նոյեմբերից մտել եմ հատուկ նշանակության զորքեր։

-Թեև  այդ տարիներին սպորտի ասպարեզում որոշակի նվաճումներ ունեիք, այնուամենայնիվ, կանգնած էիք ընտրության առաջ՝ ծառայություն կամ սպորտ։ Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը։

-2008թ-ին մասնակցեցի համաբանակային մրցումներին՝ ուժային եռամարտում։ Հաղթող ճանաչվեցի ամբողջ բանակում՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի, նաև կքանիստի հետ կապված ռեկորդ սահմանեցի։ 230 կգ-ով կքանստում էի։ Կարծեմ, մինչև հիմա էլ այդ ռեկորդը դեռ ոչ ոք չի գերազանցել: Հասկացա, որ չի լինում սպորտն ու ծառայությունը համատեղել։ Սպորտով լուրջ զբաղվելու համար շատ ժամանակ է հարկավոր։ Ծառայություններ էլ պահանջում է իր մասնագիտական ապահովումը՝ կրթություն ստանալ, անձնակազմ ունենալ և այլն։ Սպորտն այդ ժամանակ թողեցի 2-րդ պլանում։ Սպորտով զբաղվում էի էլի, բայց արդեն այն գծով, որը պետք էր հենց հատուկ նշանակության զինվորականին։

Մայոր Ստեփանյանը  ծառայողական պարտականությունները կատարելիս` ականապայթյունային լուրջ վիրավորում է ստացել 2014 թ-ին՝ չեզոք գոտուց վիրավոր զինըկերոջը դուրս բերելիս։ Նա կորցրել է 3 վերջույթները։

-Երբ վիրավորվել եք, 3 լիտրից ավելի արյուն եք կորցրել, բավական ուշ են Ձեզ հասցրել հոսպիտալ։ Ողջ մնալը, երևի թե, անհնար էր։ Սարգիս, ի՞նչը Ձեզ փրկեց։

-Ես 3,5 լիտր արյուն եմ կորցրել, ու սա զուտ խոսքեր չեն։ Մարդիկ ամպագոռգոռ թվեր են ասում, չեն հասկանում ինչի մասին են խոսում, ես իրոք այդքան եմ կորցրել։ Իմ պարագան շատ-շատ բարդ է եղել։ Իմ բժիշկը՝ Սամվել Գրիգորյանը, ով Ստեփանակերտից միանգամից եկել է պաշտպանական շրջանի այդ տեղամասը, ասել է, որ պատերազմի ժամանակ՝ 90-ական թվականներին, մինչև 150 նմանատիպ ծանր դեպքեր ենք ունեցել, բոլորը մահացել են։ Ասում է, որ ինձ իմ ֆիզիկական պատրաստությունն է պահել, երկրորդը՝ առաջին բուժօգնությունը, որ տղեքը կարողացել են ճիշտ վարվեն։ Ու ամենակարևորը՝ Աստծո կամոք է եղել, եթե դա չլիներ, հենց էնտեղ էլ կմնայի։ Ես մինչև վերջին վայրկյանը գիտակցությունս չեմ կորցրել։ Գիտակցել եմ ամեն ինչ։

Սկսվեց կյանքի մի ուրիշ փուլ, չնայած կյանքը էլի ինձ համար նույն ձևով շարունակվում է, բայց մի նոր ճանապարհ ավելացավ։

Սենյակում մայորն է, երկու որդիները, կինը, ես և մեր լուսանկարիչը։ Միայն Սարգսի ձայնն է։ Մենք շունչներս պահած լսում ենք պատմությունը, տղաները՝ երևի թե 100-րդ անգամ։

«Հեշտ եմ պատմում, որովհետև արդեն հաղթահարել ենք»,-ժպիտով ասում է Սարգիսը։

-2016 թ-ի ապրիլյան դեպքերից հետո շատ էին խոսակցություններն այն մասին, որ մեր հետախուզությունը լավ չի աշխատել, ինչ-ինչ բացթողումներ ենք ունեցել: Ի՞նչ գնահատական կտաք դուք՝ մասնագետ, ով երկար տարիներ այդ գործին է եղել:

-Մեր հետախուզությունը անկախ եղանակից, լինի ամառ, ձմեռ, իր գործն իդեալական կատարում է: Ես որպես հետախույզ չեմ հիմա ասում: Մեր տղաները ամեն ինչն էլ ժամանակին իմացել են, բոլոր տեղեկությունները ձեռք է բերվել: Հասկանում եք, իրենք հարձակվողի դերում են եղել: Էլի են եղել հարձակումներ, բայց նման մասշտաբի չի եղել, ու ամեն ինչ այլ ավարտ է ունեցել:

Դուք տեսեք նաև մեր ու իրենց զոհերի տարբերությունը: Ես չեմ համեմատում, որ մեր մեկը իրենց 10-ն արժե, չէ, մեր 1-ը իրենց միլիոնից էլ թանկ է: Բայց թե՛ հետախուզության կողմից, թե՛ զորքերի կողմից կատարվել է մաքսիմալը, թերացման խնդիր չի եղել: Մարդիկ ասում են, թե փամփուշտ չի եղել: Ամեն հենակետ իր համապատասխան հաշվարկի չափող զինամթերք է ունենում ու բնական է, որ երկար մարտ վարելու դեպքում դա կավարտվի:

Սարգիսը՝ սպորտում

-Վիրավորումից  հետո սկսկեցիք նորից սպորտով զբաղվել։ Բազմակամարտը դարձավ այժմյան ուղեկիցը։

Սարգիս Ստեփանյանը մարզչի՝ Արտավազդ Նալբանդյանի հետ

-Ընկերներով հավաքված էինք երեկոյան, ասացինք եկեք ձեռքի ուժ փորձել։ Ինձ միշտ ուժային սպորատձևեր են դուր եկել։ Արտավազդ Նալբանդյանը՝ մարզիչս, մեզ հետ էր, ասաց՝ Սաքո՛, կգաս մարզադահլիճ փորձենք։ Գնացի, ստուգեց, ասաց, որ եթե պարապես՝ արդյունք կլինի։ Բայց պարապելն էլ միշտ ու հետևողական պետք է լինի, չես կարող մի օր, մի շաբաթ պարապել, մի ամիս՝ թողնել։

Պատանեկան տարիներին Սարգիսը նաև ծանրամարտի սպորտի վարպետի կոչում է ստացել։ Իսկ ռազմական գործում մայոր Ստեփանյանը վերապատրաստումներ է անցել Հունաստանում, Չինաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում։

-Հա, ասեմ, որ ծառայությանս ընդմիջում չեմ տվել։ Հոսպիտալից դուրս եմ եկել, վերականգնողական փուլն անցել է, պրոթեզավորում ու անմիջապես անցել եմ ծառայության։ Իհարկե, պաշտոնս փոխվել է, որ վազվզոցի մեջ չլինեմ։ Ու հիմա ծառայություն՝ համատեղ սպորտ, որ հիմա արդեն իրար եմ կապել։

Մենք նպատակ դրեցինք։ Ուղղակի խոսքեր ես չեմ ուզում հնչեցնել, եթե ես մի բան պլանավորում եմ, պետք է անեմ՝ լավ, եթե չէ՝ չպետք է անեմ։ Նամուս, թասիբով պետք է կպնեմ գործին, որ հասցնեմ իր նպատակին ու գերազանց ձևով։

-Ի՞նչ դժվարություններ կային բազկամարտի ասպարեզում ակնկալվող նպատակին հասնելու ճանապարհին։

-Ես դժվարությունն օր օրի զգում էի։ Բազկամարտում մրցակցությունը վարում էի բռնկվող, քայլող մարդկանց հետ, որն աբսուրդ էր։ Ես ֆիզիկապես իրենցից շատ ուժեղ էի, բայց չէր ստացվում։ Դա ինձ չէր հիասթափեցնում, մտածում էի էնքան պետք է պարապեմ, որ մի քանի գլուխ ուժեղ լինեմ, չզգամ դա։

Սարգիսը պատմում է, որ բազկամարտի մրցումներին առաջին անգամ մասնակցել է 2016 թ-ին՝ Բուլղարիայում, երբ ընթանում էր Աշխարհի առաջնությունը։ Զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ «Տեղս չէի գտնում»,-նշում է Սարգիսն ու պատմում, որ մարզչի՝ Արտավազդի հետ նոր մարտավարություն են մշակել՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Սակայն այստեղ ձախողումը մեծ էր, գրավել էր 7-րդ տեղը։

-Հիասթափվե՞լ էիք։

-Որոշել էի, որ էլ մրցման չեմ գնալու։ Ասացի, երբ արդարություն կլինի ու քայլողները կանգնած կմրցեն, այդ ժամանակ կգնամ, քանի որ,  եթե ոտքեր ունես, կարող ես դրանով էլ քեզ ուժ տալ, պահում է քեզ, կամ մի ձեռքով բռնվում ես, իսկ ես չեմ կարող բռնվել։ Բայց նորից որոշեցի, որ շատ-շատ պետք է պարապեմ։ Հաջորդ անգամ Աշխարհի առաջնությանը չգնացի։ Բայց դրանից մեկուկես ամիս հետո Աշխարհի գավաթի մրցումներն էին, որտեղ արդեն փոփոխությունները կատարվել էին։ Նոր կատեգորիա մտցվեց, որ մրցեն նստած ու առանց բռնվելու։

Շատ դուխով գնացի, մտածում էի, որ եթե մարդ պետք է լինի, որ չբռնվի ու ինձ հաղթի՝ ես ինձ չեմ ների։

-Գնացիք ու հաղթանակն անխուսափելի էր։ Երկու ոսկե մեդալ նվաճեցիք, ինչու՞ կանգ չառաք։

-Բռնվողների կատեգորիայում էլ մասնակցեցի։ Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնին էլ հեշտ հաղթեցի։ Հայերը եկել էին ու «բալետ» էին անում։ Դրանից հետո թույլ էին տալիս բոլորին մրցել իրար հետ՝ անկախ քաշային կարգի և բռնվելու հնարավորությունից։ Երկրորդ տեղը գրավեցի։ Սենսացիա էր։ Ով ինձ հաղթեց, իրականում ձեռքս չի ծալել, ուղղակի իր պրոֆեսիոնալիզմի արդունքում այնպես ստացվեց, որ ես խախտում արեցի, արմունկս դուրս եկավ բարձիկից։

Աշխարհն իմն էր։ Մեր գիշեր-ցերեկ աշխատածի արդյունքն էր։ Հիմա էլ ձեռքս շատ ցավեր ունի, բայց ոչինչ հեշտ չի լինում։

Նշեմ, որ մենք դիմել էինք «Հայ վիրավոր հերոսներ» ֆոնդին (Armenian Wounded Heroes Fund)` հովանավորչության համար, ու առանց մի պահ հապաղելու ասացին՝ խնդիր չկա: Օգնել են ամեն հարցում, իսկ արդեն Ռումինյայում բոլոր հայերի օգնությունը կար, գալիս էին, «բալետ» անում, դրոշներով, ծափերով: Հասցնում հյուրանոցից մինչև մրցման սրահ ու հետ, օգնում, սայլակը տեղավորում մեքենայում, և այլն:

Նոր ծրագրեր

-Ի՞նչ նոր պլաններ կան մարզական ոլորտում։

-Նոր հասարակական կազմակերպություն ենք բացում։ Կոչվելու է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա։ Կոնկրետ սպորտաձև չենք առանձնացնելու։ Ընդհանուր գաղափար է՝ սպորտի մասին։ Ամեն ինչ արվելու է կամավոր սկզբունքով։ Պետք է մարզասրահ բացվի։ Կդիմենք քաղաքապետին՝ առաջին հարկում անհատույց տարածք տրամադրելու համար։ Հովանավորներ էլ արդեն կան, ովքեր ասել են՝ կօգնեն մարզագույքով։ Պետք է լինի միջազգային ստանդարտերով։ Հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ամեն առումով, որ ինքնուրույն կարողանան գալ, եթե սայլակով են՝ սայլակները նորմալ ամրանան մարզասարքերին, իրենք մարզվեն, մինչև անգամ լոգանք ընդունելը հարմարեցված լինի։

Բոլորն իմ օգնության կարիքն են զգում, ես դա տեսնում եմ: Հաշմանադամություն ունեցող տղաներից ովքեր տեսնում են, ասում են՝ մարզասրահ բացի, գանք պարապենք: Իրենք տեսել են, որ հնարավոր է դա անել, պարապել, հաղթել, ինձ մոտ ստացվել է:

Ու մենք չենք առանձնացնելու, թե ինչպես են հաշմանդամություն ձեռք բերել՝ զինծառայության ընթացքում, թե քաղաքացիական կյանքում: Մեզ մոտ կմարզվեն նաև հաշմանդամություն չունեցող անձիք, ու իրենց աբոնեմենտներից ստացված գումարն էլ կգնա կազմակերպությունը պահելու համար:

Ու մենակ էլ ես չեմ լինի, մի քանիսը կլինեն: Ավելի շատ մեդալներ կբերենք: Մի մարդ, որ հաջողության է հասնում՝ հազարների է ոգեշնչում:

Իսկ հիմա մեզ մոտ հաշմանդամություն ունեցող անձնաց սպորտը «զրո» է: Չեմ ամաչում ասել: Շատ ցավալի թեմա է: Դրա համար այս ծրագիրը պետք է իրականացնենք:

Նշենք, որ այն մարզասրահում, որտեղ մարզվում է Սարգիսը, չկա ոչ մի հարմարություն: Մարզիկը պատմում է, որ ստիպված է լինում ամեն անգամ մոտ 30 աստիճան իջնել և բարձրանալ, ու եթե հանկարծ ոտքը մի փոքր թեք դնի՝ հետևանքները կարող են անդառնալի լինել: Բայց քանի որ նպատակ կար դրված, պարապմունքներն անցակցրել է ամեն գնով:

Երբ խնդիր ունեցող մարդը ֆիզիկապես ուժեղանում է, ամեն ինչ այլ է լինում, դու քեզ ինքնավստահ ես զգում: Հիմա ես շատ ուժեղ եմ, ու մի ձեռքով կարող եմ անգամ այնպիսի բաներ անել, որ ոտքեր ու ձեռքեր ունեցող շատերը չեն կարողանում: Էդ տղերքը պետք է ուժեղանան, ամրանան: Համախմբվելու ենք, թիմ դանանք ու անենք: Իսկ 2-3 տարի հետո միջազգային մրցումներից մեդալներ էլ կբերենք:

Սարգիսի ընտանիքը

«Ամուսնացել ենք 2003 թվականին՝ 20 տարեկան, բանակից եկել եմ ու շատ արագ ստացվել է»,-պատմում է Սարգիսն ու ժպիտով նայում կնոջը:

-Ձեր տղաները՝ Սերգեյն ու Վարդանը, ձեզ հետևու՞մ են սպորտի ոլորտում: Եվ մասնագիտության ընտրության հարցում ազդեցություն կունենա՞ք:

-Կթողնենք իրենց հայեցողությանը: Իրենք վերջնական որոշումը կկայացնեն: Մեծ տղաս՝ Վարդանն է զբաղվում բազկամարտով, բայց դե շատ չենք ծանրաբեռնում, 13 տարեկան է, ինքն իր տարիքի մեջ շատ լավ է, բայց դե առաջնայինը հիմա սովորելն է: Հիմա հաշվապահություն է ուզում սովորել:

-Գիտեմ, որ Սերգեյը զինվորականի գործն է ուզում շարունակել:

-Ինքն իր բնավորությամբ, իր խառնվածքով է զինվորական,-նշում է Արմինեն՝ Սերգեյի մայրը: Հայրը շարունակում,- Ինքը բնավորությամբ լիդեր է, ղեկավարող, որոշող, առաջատար լինելու բնավորության գծեր ունի:

Սարգսի կինը ողջ ընթացքում մեզ հետ էր ու հպարտությամբ լսում էր զրույցը.

Սարգիս Ստեփանյանն ավագ որդու՝ Վարդանի հետ

-Արմինե՛, դժվար չէ՞ այսքան ուժեղ ամուսնու հետ ապրելը:

-Սովորել եմ, իմունիտետ եմ ձեռք բերել,-կատակում է Արմինեն:

-Մենք բոլորս իրար հետ՝ մեկս մյուսով ենք ուժեղ լինում: Ես տնից շատ եմ բացակայում, ու եթե երեկոյան գամ ու այդ ուժեղ մթնոլորտը չտեսնեմ, ես ինձ թույլ կզգամ: Բոլորիս ուժն է համախմբվում ու արտացոլվում ինչ-որ բանի տեսքով: Մեկով ոչինչ չի լինում,-եզրափակեց Սարգիսը:

-Դուք հաճախ հոսպիտալ եք գնում, հանդիպում զինվորներին, զրուցում նրանց հետ: Իրենց համար Դուք օրինակ եք: Իրենք էլ են Ձեզ կանչում տեսակցությունների: Ի՞նչ խնդիրներ են ունենում:

-Հոգեբանական խնդիրներ շատ են լինում: Վիրավորված տղաները հիմնականում 18-20 տարեկան են: Եթե ես էլ այդ տարիքում վիրավորվեի, միգուցե ուրիշ ձև ընդունեի ամեն ինչ: (Սարգիսը դիմում է կնոջ օգնությանը,-«Արմի՛ն, ես 31-ում եմ վիրավորվե՞լ»: Կինը ծիծաղում է, ու իրար են նայում՝ դեպքը հաղթանակով տարածների պես, այնպես, կարծես, վաղ անցյալում էր եղել:)

Լինում է, որ տղաները ընկճվում են, ես գնում եմ, ասում են՝ հա, լավ ենք, բայց ես արդեն իրենց աչքերին նայում եմ, գիտեմ, թե արդեն ինչ են զգում, որովհետև այդ նույն անկողնում ես էլ եմ պառկել, նույն ապրումներով ես էլ եմ անցել:

Սարգիս Ստեփանյանը՝ ռազմական գործողության ժամանակ վիրավորում ստացած Նարեկ Գրիգորյանի հետ

Որ գնում եմ, ինձ տեսնում են, լավ են զգում, մտածում են, որ իր ու իմ վիրավորվածության աստիճաններն ինչ տարբեր են: Եթե Սաքոն եկել հասել է էստեղ, ուրեմն ես իրավունք չունեմ ինչ-որ բան ասելու:

Չեմ սիրում նվնվացող մարդկանց: Մարդիկ կան ծանրացնում են վիճակը, նման մարդկանց ատում եմ: Ես բացատրում եմ, որ հանկարծ չստեղծեք մի իրավիճակ, որ ձեզ խղճան: Մարդիկ կան, որ իրենց դուր է գալիս, որ իրենց խղճում են:

Բայց հիմնականում տղեքի դուխը տեղն է: Որ գնում եմ հոսպիտալ, ինձ հանգիստ եմ զգում, ինձ լավ եմ զգում: «Եռաբլուր» ու հոսպիտալ շատ եմ գնում:

-Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք այս տարի:

-Ավարտեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով: Սպորտի ոլորտում կշռաքարի բարձրացումն էր. կանգնած դիրքում, պրոթեզներով 32 կգ կշռաքարը բարձրացրել եմ 13 անգամ, ռեկորդ սահմանեցի, գրանցվել է «Դյուցազնագրքում», հետո՝ Բազկամարտի աշխարհի գավաթի հաղթելը: Մյուս տարվա առաջին նպատակը մեր մարզասրահի բացումը կլինի:

Ընտանիքն Ամանորի տոները նշում է տանը՝ Երևանում, անպայման տատիկի ու պապիկի գլխավորությամբ:

լուսանկարները՝ Սարգիս Ստեփանյանի անձնական արխիվից

Ալիսա Չիլինգարյան

Ֆոտոշարքը՝ Հայկ Կարապետյանի

Այս թեմայով այլ հարցազրույցներ կարդացեք Ապրող և ապրեցնող հերոսներ շարքում 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել