Նորություններ

Իրազեկում՝ հարկադիր գույքային սերվիտուտի վերաբերյալ

Հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ: Այս մասին սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածում:

Հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:

Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի առարկան, գործողության ժամկետը և պայմանները: Սերվիտուտ սահմանող հատուցելի պայմանագրում պետք է նշվեն նաև հատուցման չափը, կարգը և ժամկետները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:

Հասարակական կարիքների համար հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:

Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային և ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար մշտական սերվիտուտ:

Հարկադիր գույքային սերվիտուտ չի կարող սահմանվել, եթե սերվիտուտով ծանրաբեռնված ամբողջ հողամասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն առկա էր մինչև սերվիտուտ սահմանելը:

Գույքային սերվիտուտը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի անշարժ գույքի սերվիտուտի համար վճար պահանջելու այն անձից, ի շահ որի սահմանվել է գույքային սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Կամավոր գույքային սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր գույքային սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ սահմանվում է օրենքով:

Գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է վերանայվել ոչ շուտ, քան երեք տարին մեկ անգամ՝ դատարանի վճռով:

Ծառայող կամ գերակա գույքի սեփականատիրոջ պահանջով գույքային սերվիտուտը կարող է դադարել, եթե վերացել են այն սահմանելու հիմքերը:

Այն դեպքում, երբ անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետևանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, կամ գերակա գույքի սեփականատերը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել սերվիտուտի համար պարբերաբար կատարվող վճարը, ապա ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջելու դադարեցնել սերվիտուտը:

Գերակա և ծառայող գույքի սեփականատերերի համընկնման դեպքում գույքային սերվիտուտը դադարում է:

Եթե գույքային սերվիտուտի գործողության ժամանակ գերակա գույքի սեփականատիրոջ կողմից ծառայող գույքում կատարվել են փոփոխություններ, ապա գերակա գույքի սեփականատերը պարտավոր է մինչև սերվիտուտը դադարելը ծառայող գույքն իր հաշվին բերել նախնական վիճակին։ Այս կանոնից բացառություն կարող է սահմանվել կողմերի համաձայնությամբ:

Կողմերի համաձայնությամբ անշարժ գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա օգտվելու այդ անշարժ գույքից միմիայն կոնկրետ նպատակների համար, կամ նրան կարող է տրվել այլ իրավազորություն, որը կարող է հիմք հանդիսանալ սերվիտուտ սահմանելու համար (անձնական սահմանափակ սերվիտուտ):

Անձնական սահմանափակ սերվիտուտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

Անձնական սահմանափակ սերվիտուտը կարող է տրամադրվել անժամկետ կամ որոշակի ժամկետով: Իրավաբանական անձին տրամադրվող անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող գերազանցել 10 տարին:

Անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող փոխանցվել այլ անձի։

Անձնական սահմանափակ սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել