Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը

Խորհրդային երգչախմբային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, նախագահի դեկտեմբերի 30-ի հրամանագրով նաև Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

1951 թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։

1961 թ. ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունենում ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել