«Արդշինբանկ»-ի գանձապահը բանկից հափշտակել է 10 հազար դոլար

Ձյունիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Արդշինբանկ»-ում ընկերության  մասնաճյուղերից մեկում  որպես գանձապահ  ընդունում-հանձնում կատարելու ընթացքում, օգտվելով ընձեռնված բարենպաստ պայմաններից, արդեն հաշված գումարներից գաղտնի հափշտակել է բանկի գույքը համարվող առանձնապես խոշոր չափի` 13 միլիոն 740 հազար դրամ կանխիկ գումար, այն է` 10.000 դոլար:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ձյունիկ Գ.-ն հայտնել է, որ որպես գանձապահ աշխատել է «Արդշինբանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղերից մեկում : 2016թ. սեպտեմբերի 14-ից, համաձայն իր դիմումի, գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում, իսկ իրեն փոխարինել է նույն մասնաճյուղի սպասարկման բաժնի աշխատակից Լեյլի Ե.-ն:

Ըստ սահմանված կարգի` դրամական միջոցների ընդունում-հանձնումը պետք է կատարվեր արձակուրդ գնալու նախորդ օրը` սեպտեմբերի 13-ին, բայց քանի որ այդ օրը չեն հասցրել, այն իրականացրել են հաջորդ օրը` սեպտեմբերի 14-ին:

2016թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում վերջացնելով իր աշխատանքը, զանգահարել է ամուսնուն, որպեսզի վերջինս գա ու իրեն մեքենայով տուն տանի: Այդ օրը ամուսինը մի փոքր ուշացել է, իսկ ինքը քայլելով առաջացել է դեպի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի ուղղությամբ` ամուսնուն ընդառաջ: Հանկարծակի զգացել է, որ իրեն ինչ-որ մեկը թեթևակի հրելով անցել է, այնուհետև` տեսել է, որ թևի տակ թուղթ է դրված և մտածելով, որ ինչ-որ հայտարարություն է, անցորդին ուշադրություն չի դարձրել, անգամ չի հասցրել ֆիքսել նրա սեռը:

Երբ բացել է թուղթը, տեսել է, որ տպատառերով, համակարգչով հավաքված տեքստ է, որում նշված է եղել, որ եթե ժամը 13:00-ին 50.000 ԱՄՆ դոլար չդնի այդ թղթի մեջ ու չգցի մանկապարտեզի հետևի փողոցում ծառերի մոտ, ապա շատ վատ է լինելու, ու եթե դրա մասին որևէ մեկին հայտնի, այդ թվում նաև ոստիկանությանը, էլ ավելի վատ է լինելու:

Այդ թղթի մեջ գրված եղել նաև, որ զգուշացնում են, որ տեղյակ են իր ընտանիքից, երեխաներից, որ երեխաներից մեկը սովորում է թիվ 2 դպրոցում, իսկ փոքրը տատիկի տանն է: Դրանից հետո գնացել է տուն, այդ մասին տանը որևէ մեկին չի հայտնել` վախենալով հետևանքներից, իսկ հաջորդ օրը գնացել է բանկ, որտեղ Լեյլի Ե.-ի հետ կատարել են դրամական միջոցների ընդունում-հանձնում: Գումարը հաշվելուց հետո, դրամապահոց տանող միջանցքում, որտեղ տեսախցիկներ չկան, աննկատ հաշվված գումարներից վերցրել է մեկ կապ 100 ԱՄՆ դոլարներ` 10.000 դոլար ընդհանուր գումարով, չորս կապ 20.000 ՀՀ դրամ` 8.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով և մեկ կապ 10.000 ՀՀ դրամ` 1.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով, դրանք տեղավորել հագուստի արանքներում, մտել մասնաճյուղի խոհանոց, այնտեղ տեսել է, թե որքն է վերցրել, ու ամբողջ գումարը դնելով սպառնալիք պարունակող թղթի մեջ, դրել է տոպրակի մեջ ու տեղավորելով պայուսակում` ժամը 13:00-ի սահմաններում դուրս է եկել բանկի մասնաճյուղից:

Վախը սրտում, որ այդքան գումար է վերցրել բանկից, քայլելով գնացել է դեպի թիվ 13 մանկապարտեզի հետևի կողմը, ու վերցրած գումարը` թղթով փաթաթած վիճակում, պոլիէթիլենային տոպրակով գցել է թփերի մեջ ու վախից արագ հեռացել է: Նույն օրը ցանկացել է կատարվածի մասին հայտնել բանկի կառավարչին, սակայն վախի ազդեցության տակ համարձակություն չի ունեցել, իսկ հաջորդ օրն արդեն տեղեկացրել է իրեն փոխարինող Լեյլի Ե.-ին, ով էլ իր հերթին այդ մասին հայտնել է հաճախորդների սպասարկման բաժնի պետ Կ. Մելիքյանին և կառավարչին:

Ամբաստանյալ Ձյունիկ Գ.-ն նշել է նաև, որ իր կողմից գրավոր պարտավորագիր է ներկայացվել բանկին պատճառված վնասը կարճ ժամանակահատվածում վերականգնելու մասին, սակայն մինչ օրս իր կողմից կատարվել են վնասի մասնակի վերականգնումներ` ընդհանուր 8.000 ԱՄՆ դոլարի և 918.727 ՀՀ դրամի չափով:

Սակայն, քրեական գործով ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեն այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ձյունիկ Գ.-ն գործել է սպառնալիքի ազդեցության տակ, ավելին` ըստ ամբաստանյալ Ձ. Գևորգյանի` իր կողմից երրորդ անձին, կոնկրետ դեպքում բանկին վնաս պատճառելը պայմանավորված է եղել ապագայում առաջացող` գումարը չտալու դեպքում երեխաներին սպառնացող վտանգը կանխելու անհրաժեշտությամբ, եթե անգամ ամբաստանյալ Ձյունիկ Գ.-ն նման իրավիճակից ելնելով գործած լիներ, ապա կարելի է փաստել, որ վտանգը առկա չի եղել, այն կարող էր վերաբերելի լիներ ապագային, և որ նման դեպքում վերջինս կարող էր նախազգուշական այնպիսի միջոցներ ձեռնարկեր, (իրավապահ մարմիններին կամ հարազատներին տեղեկացնելը), որոնք կապված չէին լինի երրորդ անձանց շահերին վնաս հասցնելու հետ:

Կոտայքի ընդյանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Վարդան Ստեփանյանի գլխավորությամբ Ձյունիկ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը` 4(չորս) տարի 6(վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` սույն դատավճռով նշանակված պատժին հաշվակցել Ձյունիկ Սուրիկի Գևորգյանի նախնական կալանքի տակ գտնվելու 1(մեկ) ամիս 6(վեց) օրը և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Դատարանը վճռեց Ձյունիկ Գ.-ի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ, իսկ սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գրավի գումարը` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, վերադարձնել գրավատուին:

Տուժող, քաղաքացիական հայցվոր «Արդշինբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Խ. Տոնոյանի քաղաքացիական հայցը բավարարել: Ձյունիկ Գ.-ից հօգուտ տուժող, քաղաքացիական հայցվոր «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 8.081.273 (ութ միլիոն ութսունմեկ հազար երկու հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ և 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի փոխհատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել