ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՒԼ

Դատաիրավական բնագավառում օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի նպատակով ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների առաջին փուլի ավարտման կապակցությամբ խմբի ղեկավար, ՀՀ արդարադատության նախարար Դ.Հարությունյանը հանրությանն է ներկայացրել դատաիրավական բնագավառի օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը:

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Ըստ բարեփոխումների հայեցակարգի՝ դատական համակարգի ստորին օղակը կազմելու են մագիստրատների առաջին ատյանի դատարանները, որոնք քննելու են ոչ բարդ քաղաքացիական և քրեական գործեր, գործելու են Երևան քաղաքի համայնքներում և մարզերում: Նախատեսվում է, որ նման դատարանները բավական շատ կլինեն, որպեսզի մոտ լինեն բնակչությանը՝ ըստ նրանց բնակության վայրի: Որոշակի քանակի քաղաքացիական և քրեական դատարանները, որոնք գործելու են մեկ դատարան՝ մի քանի մարզի համար սկզբունքով, քննելու են նաև ավելի բարդ քաղաքացիական և քրեական գործեր: Հավանաբար, նման դատարաններից կլինեն չորսական կամ հինգական: Փաստորեն՝ ներկա առաջին ատյանի դատարանների փոխարեն ստեղծվելու են երկու տեսակի առաջին ատյանի դատարաններ:

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Փոփոխվելու է նաև վերաքննիչ դատարանի կառուցվածքը: Ապագա վերաքննիչ դատարանը փաստացի կփոխարինի ներկա վճռաբեկ դատարանին և կստանձնի նրա լիազորություները: Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերաքննիչ բողոքի սահմաններում կվերանայի ընդհանուր իրավասության և անվճարունակության դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը, իսկ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը: Վերաքննիչ բողոք բերելու հիմքերն են միայն դատական սխալը և նոր երևան եկած հանգամանքները: Գործի քննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի վերաքննիչ ատյանով: Դատական սխալի հիմքով բողոք բերելու դեպքում վերաքննիչ բողոքում պետք է անպայման հիմնավորվի դատական սխալի առկայությունը: Բացառությամբ օրենքով սահմանված սպառիչ դեպքերի՝ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված համարված փաստական հանգամանքները չեն կարող փոխվել: Վերաքննիչ դատարանը իրավունք չունի ևս մեկ անգամ գնահատելու առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցները: Վերաքննիչ դատարանը իրավունք ունի առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա հաստատված համարի նոր փաստը (կամ հաստատված չհամարի առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված համարված փաստը) և կայացնի նոր դատական ակտ: Իրավունքի հարցում վերաքննիչ դատարաններն անկաշկանդ են և կարող են գործն ըստ էության լուծող նոր ակտ կայացնել, վերացնելով առաջին ատյանի ակտը, ինչպես նաև գործն ուղարկել առաջին ատյանի դատարան:

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը: Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե տվյալ գործով կայացված դատական ակտը էականորեն կարող է ազդել դատական պրակտիկայի վրա, կամ վերանայող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշմանը, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյուքնում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ: Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր մասնագիտացված պալատ քննելու է վճռաբեկ բողոքի ընդունելության հարցերը՝ նշանակելով գործով զեկուցող, սակայն գործի քննությունը իրականացվելու է վճռաբեկ դատարանի երկու պալատների կազմով ընդհանուր նիստում: Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի վճռաբեկ բողոքի սահմաններում, որի բերելու համար հիմք է դատական սխալը: Ըստ փոփոխությունների՝ վճռաբեկ բողոքները ներկայացնելու իրավունք ունեն ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, փաստաբանները, գործին մասնակցող կողմերը:

ՀՀ-ում կգործեն վարչական և անվճարունակության գործերով մասնագիտացված դատարաններ: Դատական համակարգում կիրականացվի դատական ծառայություն՝ դատական դեպարտամենտի միջոցով: Դատական կորպուսի համալրման նպատակով կձևավորվի դատական դպրոցը:

Նարինե Կարապետյան

«Իրավաբանական լրատու»-ի խմբագիր

Հուլիս 2006թ.

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել