Նորություններ

Միմյանց նվերներ անելու ավանդույթը մեր ընտանիքում պահպանել ենք. Արսեն Մկրտչյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը:

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-Ձեռքբերումն այն է, որ  աշխատանքային գործընթացները շատ նորմալ հունով ընթացան, ձեռքբերում էր նաև այն, որ հնարավորություն ունեցա մասնակցել, ներգրավվել օրենսդրական աշխատանքներում: Բացթողումների դեպքում հատուկ շեշտադրումներ  չեմ անում:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Որևէ մասնագետի անուն հնչեցնելը ընդունելի չեմ համարի: Ինձ համար շատ հաճելի նորություն էր այն, որ մեր մասնագետները բավականին ակտիվ մասնակցություն ունեցան նախագծային փուլում գտնվող օրենքների քննարկմանը: Դա ինձ համար նորություն էր և հաճելի նորություն էր: Ես միշտ կարևորել եմ, եթե օրենքի վերաբերյալ ասելիք կա, ապա պետք է դա ասել նախագծային փուլում, ինչը միայնումիայն կօգնի ունենալ լավ օրենք: Եթե  շարունակվի ձևավորվել այս մշակույթը, մեզ մոտ կձևավորի հարգանքի մթնոլորտ օրենքի հանդեպ:

Նախկինում, եթե կհիշում եք, օրենքն ընդունվում էր, հետո սկսում էին քննադատել այդ օրենքը, ինչը հարիր չէ իրավական պետությանը: Շատ ուրախ եմ, ողջունեմ իմ գործընկերներին, որ ակտիվ դիրք են ունենում, ներկայացնում են առաջարկներ նախագծերի վերաբերյալ:

-Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Կդժվարանամ հիշել որևէ մեկը: Դեպքերը, տպավորությունները շատ են, սակայն դժվար է դրանք գնահատել որպես զավեշտալի:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Խեղճ Ձմեռ պապիկ 🙂  Ինքնին հետաքրքիր է Ձմեռ պապիկ և իրավաբան համադրությունը: Գուցե մտածել եք այդ մասին,  որ իրավաբանները հասարակությանը կամ նրան դիմողին ինչ-որ մի բանով օժանդակող, տվող խորհուրդ ունեն: Ակնակալիքը իրավաբանից դրական արդյունքի հասնելն է:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

Տանը, իմ ընտանիքի,  ծնողների, երեխաների հետ միասին: Այս տարի որոշել ենք հնարավորության դեպքում Հայաստանում շրջել, եթե ձմեռային եղանակը փույլ կտա, և ամանորյա եռուզեռից մի քիչ հեռու լինել:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ես շատ կուզեի, որ դրականի մասին խոսելու և դեպքի լավը ձգելու մեր մշակույթը զարգանա: Ամեն մեկս մեր տեղում մեր աշխատանքը լավ կատարենք՝ լավ Հայաստան, լավ արդարադատություն ունենալու համար: Եթե մենք դեպի լավը ձգտենք և դրական ցույց տանք, դեպքի լավ Հայաստան ունենալու ուղիները կկրճատենք:

-Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Բալիկների ակնկալիքները տարբեր են առանձին դեպքերում: Մի հետաքրքիր դեպք հիշեմ. փոքր աղջիկս մի անգամ երբ նամակ էր գրում  Ձմեռ պապիկին, դժվարություններ ուներ, ինձ հարցրեց, թե ինչ կարելի է Ձմեռ պապիկից խնդրել: Ես այդ փաստը որոշեցի  օգտագործել և ցույց տալ, որ իրերն այդքան էլ կարևոր չեն, ասացի, որ կարելի է խնդրել՝ առողջ լինել, խաղաղություն լինի, և նման  օրինակներ բերեցի: Եվ շատ հետաքրքիր հանդիմանություն ստացա. ասաց՝ ես Ձմեռ պապիկին եմ նամակ գրում, ոչ թե Աստված պապիկին 🙂

Այնպես որ, Ձմեռ պապիկից ակնկալիքները իրային արտահայտություն ունեն, ամեն մեկը մի բան ցանկանում է: Մեծ երեխաները արդեն դուրս են եկել Ձմեռ պապիկին նամակ գրելու տարիքից: Սակայն միմյանց նվերներ անելու ավանդույթը մեր ընտանիքում պահպանել ենք:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել