Նախարարը հաստատել է բուհերում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հաստատել է  Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը:

Ամփոփիչ ատեստավորումը շրջանավարտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն է, որն իրականացվում է բակալավրի ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանության միջոցով: Արտակարգ իրավիճակների, ռազմական, ոստիկանական, բժշկական և աստվածաբանական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը, հաշվի առնելով մասնագիտությունների առանձնահատկությունները, կարող է կազմակերպվել սույն կարգով կամ համապատասխան ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով: Հաստատության մասնաճյուղի ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում է սույն կարգի համաձայն՝ տվյալ մասնաճյուղում:

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները հաստատում է հաստատության ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհուրդը: Բակալավրի ավարտական աշխատանքի թեման և ղեկավարը հաստատվում են ավարտական ուստարվա առաջին կիսամյակում, իսկ մագիստրոսական թեզինը՝ մինչև առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտը:

Ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, ղեկավարի գրավոր կարծիքի առկայությամբ, ենթակա են գրախոսման, ընդ որում՝ բակալավրի ավարտական աշխատանքի դեպքում՝ ներքին կամ արտաքին, իսկ մագիստրոսական թեզի դեպքում՝ արտաքին գրախոսի կողմից: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման համար հրավիրվում են արտադրության, գիտական հիմնարկների և այլ հաստատությունների համապատասխան մասնագետները, որոնց կազմը, ամբիոնի վարիչի ներկայացմամբ, հաստատվում է ամբիոնի նիստում: Գրախոսման կարգը հաստատում է ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհուրդը:

Հաստատությունները շրջանավարտների ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման համար մշակում են ընթացակարգեր և մեթոդական ուղեցույցներ:

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը (նախագահ և անդամներ) կազմավորվում է ըստ որակավորման մակարդակների, յուրաքանչյուր մասնագիտության կամ կրթական ծրագրի գծով` ուսուցման բոլոր ձևերի համար:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին, ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի ներկայացմամբ, նշանակում է հաստատության ղեկավարը՝ համապատասխան ոլորտի (բնագավառի) գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների, ակադեմիական հաստատությունների գիտական աստիճան և/կամ կոչում ունեցող մասնագետներից, ովքեր տվյալ հաստատության աշխատողներ չեն և նախորդող երեք տարիների ընթացքում չեն եղել տվյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատում է հաստատության ղեկավարը ամփոփիչ ատեստավորումից առնվազն երեք շաբաթ առաջ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել տվյալ ոլորտի գործատուների և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ, համապատասխան ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարը կամ նրա տեղակալը, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստերն արձանագրում է քարտուղարը, ով տվյալ հաստատության աշխատակից է և հանձնաժողովի անդամ չէ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինեն ոչ տվյալ հաստատության աշխատակիցներ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հաստատության ղեկավարի հրամանով նշանակվում է փոխարինող՝ հանձնաժողովի կազմից:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն կարգով և հաստատության հաստատած ընթացակարգերով և մեթոդական ուղեցույցներով:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն են`

1) ստուգել շրջանավարտի պատրաստվածության մակարդակի համապատասխանությունը կրթական ծրագրով սահմանված նպատակներին և վերջնարդյունքներին,

2) կայացնել որոշում ամփոփիչ ատեստավորման արդյունքներով շրջանավարտին որակավորում շնորհելու (կամ չշնորհելու) և նրան բարձրագույն կրթության համապատասխան դիպլոմ տալու (կամ չտալու) վերաբերյալ,

3) մշակել և ներկայացնել առաջարկություններ տվյալ մասնագիտությամբ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման վերաբերյալ:

Յուրաքանչյուր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցը, որը համաձայնեցվում է հանձնաժողովի նախագահի հետ, ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի ներկայացմամբ հաստատում է հաստատության ղեկավարը, և ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունից առնվազն երկու շաբաթ առաջ տեղեկացվում է շրջանավարտներին:

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն շրջանավարտները, ովքեր ավարտել են բարձրագույն կրթական ծրագրով ուսուցումը և կուտակել են համապատասխան կրեդիտներ: Ամփոփիչ ատեստավորման ենթակա շրջանավարտների ցանկը հաստատվում է ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի հրամանով: Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում է ուսումնական պլանով սահմանված ժամկետներում:

Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի երկու երրորդից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում: Նախագահի կամ նրան փոխարինողի ներկայությունը պարտադիր է: Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունից առաջ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է հաստատության ղեկավարը:

Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության ընթացակարգային պահանջների համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է: Ձայնագրությունը պահպանվում է արդյունքները հրապարակելուց հետո 6 ամիս:

Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար»` ըստ տվյալ հաստատությունում ընդունված գնահատման սանդղակի: Գնահատականները հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո` մեկ ժամվա ընթացքում:

Հիմք ընդունելով ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության դրական («բավարար», «լավ», «գերազանց») արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կայացնում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու մասին: Բացասական («անբավարար») արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում և բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում:

 Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը:

 Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի փակ նիստում: Շրջանավարտի ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի գնահատականը որոշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բոլոր որոշումները քարտուղարն արձանագրում է տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով: Արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին մասնակցած անդամները:

Ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված շրջանավարտին թույլատրվում է նոր պաշտպանություն՝ հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին՝ հաստատության սահմանած կարգով և ժամկետներում: Ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի վերահանձնումն իրականացվում է համաձայն սույն կարգի և հաստատության սահմանած ընթացակարգի:

Հաստատության կողմից արտոնված ձևերով և ժամկետներում արտասահմանում մասնակի ուսումնառություն անցած շրջանավարտների ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությունը կարող է իրականացվել ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի կողմից առաջադրված և հաստատության ղեկավարի կողմից հաստատված առանձին ժամկետներում՝ սույն կարգի ընթացակարգային պահանջներին համաձայն:

Երկու և ավելի հաստատությունների կողմից իրականացվող համատեղ կրթական ծրագրերի շրջանավարտների համար կարող է կազմակերպվել համատեղ ամփոփիչ ատեստավորում՝ հաստատությունների միջև նախապես փոխհամաձայնեցված և համապատասխան պայմանագրով հաստատագրված ընթացակարգերով՝ պահպանելով սույն կարգի կանոնները։

 Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի հաշվետվությունը քննարկվում է համապատասխան ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհրդում և ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացվում է հաստատության ղեկավարին: Ամփոփիչ ատեստավորումից հետո հաստատությունը ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Ամփոփիչ ատեստավորման գնահատականը (անբավարար, բավարար, լավ, գերազանց) ենթակա է լրացուցիչ քննարկման և բողոքարկման՝ համաձայն հետևյալ ընթացակարգային պահանջների.

1) շրջանավարտն իրավունք ունի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովից պահանջելու լրացուցիչ մեկնաբանություններ իր գնահատականի վերաբերյալ,

2) գնահատականի վերաբերյալ շրջանավարտի բողոքն ընդունվում և դիտարկվում է միայն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից ընթացակարգային խախտումների առկայության դեպքում,

3) գնահատականի լրացուցիչ քննարկման և բողոքարկման կարգը սահմանում է հաստատությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել