«Ձմեռ պապը կարող է լինել կա՛մ մարդու իրավունքների պաշտպան, կա՛մ փաստաբան». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Իրավաբան.net-ին պատմել է տարվա ընթացքում իրեն հանդիպած զավեշտալի դեպքերի, Ձմեռ պապիկից խնդրած նվերի և 2018-ի ակնկալիքների մասին:

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականըի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2015թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքներով փոխվեց մեր երկրի կառավարման համակարգը՝ կիսանախագահական համակարգից անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի:

Այս տեսանկյունից իսկապես առանձնահատուկ ու կարևոր տարի էր, մանավանդ, որ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, իսկ այն կազմակերպելու համար տարեսկզբին ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքը, ինչը բացառիկ կարևոր նշանակություն ունի հայրենի իրավական ակտերի սանդղակում:

Պետք է նշել, որ դատաիրավական համակարգում բացթողումները բազմաթիվ են: Քանի դեռ չունենք ամբողջական ու իրական անկախ ու արդար դատական համակարգ, քանի դեռ խիստ ցածր է հասարակության վստահության մակարդակն այդ համակարգի նկատմամբ, մենք չենք կարող չխոսել բացթողումների մասին:

Թիվ մեկ խնդիրը արդարության հաստատումն է: Օրենքը պետք է գործի բոլորի համար, և յուրաքանչյուր ոք պետք է պետք է պատասխան տա իր արածի համար: Երբ հասնենք այդ մակարդակին, ուրեմն լուրջ քայլ արած կլինենք:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Իրավագիտության ոլորտում բազմաթիվ նվիրյալ և իրենց գործի գիտակ մասնագետներ կան, ովքեր հարգանքի արժանի անձինք են: Չէի ցանկանա անհատապես որևէ մեկին առանձնացնել, այդուհանդերձ՝ հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իրենց՝ պրոֆեսիոնալ ու բարեխիղճ գործունեության համար:

Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Առանց զավեշտալի դեպքերի պարզապես անհնար է: Դրանք իսկապես շատ են: Բայց դրանցից հատկապես մեկը տպավորվել է:

Քաղաքացիական գործերից մեկով ամեն անգամ դատական նիստի գնալիս այնպես էր ստացվում, որ նիստերի դահլիճը փակ էր լինում, և ես ստիպված երկրորդ հարկից իջնում էի առաջին հարկ և զանգահարում դատավորի աշխատակազմ՝ հիշեցնելով, որ այդ ժամին նիստ ունենք:

Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ այդպես վարվելուց հետո երբ հինգերորդ անգամ արդեն նյարդայնացած զանգահարեցի, դատավորի օգնականը ժպտալով ու կատակով ասեց. «Պարո՛ն Նորիկյան, Դուք հենց գալիս եք, հանգիստ զանգահարեք, մենք կգանք նիստը սիրով կսկսենք»:

Այդ պահին չգիտեի՝ լա՞լ, թե՞ խնդալ: Որոշեցի խնդալ և ժպտալով պատասխանեցի, թե ինչ լավ է՝ մենք գալիս ենք դատարան և հեռախոսով հիշեցնում, որ գործի եք և դատարանին հրավիրում ենք աշխատանքի:

Իսկ եթե լուրջ, դատավորներից ոմանք սովորաբար ճիշտ նշանակված ժամին չեն ներկայանում դատական նիստերի դահլիճ, ինչն ինձ համար անկեղծ ասած անընդունելի է և շատ հաճախ նյարդայնացնում է:

Կարծում եմ, որ բացառիկ օբյեկտիվ պատճառները չհաշված, նրանք պարտավոր են իրենց իսկ կողմից նշանակված ժամին մտնել դատական նիստերի դահլիճ և սկսել դատական նիստը:

Ավելին, եթե իրենք չեն հարգում իրենց իսկ կողմից ընդունված որոշումը՝ դատական նիստի օր ու ժամ նշանակելու մասին, իսկապես շատ դժվար է բառիս բուն իմաստով հարգանք տածել այդ դատարանի նկատմամբ:

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Զարմացել ու զայրացել եմ, երբ տեսել եմ, թե ինչպես է դատավորը հրապարակում ակնհայտ անարդար դատական ակտ՝ քաջ գիտակցելով, որ այն իսկապես անարդար է, զարմացել եմ մի շարք օրենքների ընդունման գործընթացից, մանավանդ երբ ակնհայտ է, որ առկա է «հանձնարարություն» ամեն գնով անցկացնելու այս կամ այն օրինագիծը:

Հնչեղության տեսակետից առավել ակնառու էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ընտանեկան բռնության մասին» օրենքների ընդունման գործընթացը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին արդարացված այդ օրենքներում վիճահարույց դրույթների ներմուծումը:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Այդ դեպքում Ձմեռ պապը կարող է լինել կա՛մ մարդու իրավունքների պաշտպան, կա՛մ փաստաբան: Երբեք չեմ պատկերացնի դատախազին կամ քննիչին Ձմեռ պապիկի դերում:

 Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ինչպես միշտ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշում եմ ծնողներիս, եղբայրներիս հետ: Ընտանիքներով հավաքվում ենք մեր հայրական տանը և հայրիկիս գլխավորությամբ դիմավորում Նոր տարին:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Դժբախտաբար, այդպիսի հատկություններով օժտված չեմ, և ավելի շատ կխանգարեմ, քան կարող եմ օգնել խոհանոցում:

 Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ակնկալիքներս մեծ են, և ես հույս ունեմ, որ այն, ինչ չկարողացանք իրականացնել անցնող տարում, կյանքի կկոչենք 2018 թվականին: Բայց բոլոր դեպքերում հույս ունեմ, որ կլինի խաղաղության և հնարավոր զարգացումների տարի:

Դուք /Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ամեն տարի Ձմեռ պապից խնդրել եմ վերադարձնել ինձ իմ մանկությունը: Իսկ եթե լուրջ, ամեն մեկս յուրովի իր զավակների մեջ է փնտրում ու գտնում իր մանկությունը:

Երեխաներիս ակնկալիքները Ձմեռ պապից օրիգինալ չեն: Այս տարիքում նրանց հետաքրքրում են հիմնականում հեռախոսներ, պլանշետներ, բայց շատ դեպքերում նրանք գրքեր են նվեր ստանում…

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել